Մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցությամբ մասնակցել է թաղման արարողության, սակայն կանոնները չի պահպանել . վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց, որ ընդհանուր առմամբ համաճարակի կորը կառավարելիության տիրույթում է։
«Բայց եթե մենք շարունակենք մեր այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող ենք իսկապես ունենալ համաճարակի նոր բռնկում»,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը նաև ներկայացրեց Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցած դեպքի մաննրամասները.
«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության: Իհարկե նախապես զգուշացվել է, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել: Նա եղել է մասնագետի և ոստիկանության ուղեկցությամբ, բայց հասկանալի է, որ հուզումնալից պահ է եղել, և նրանք այնուամենայնիվ, ի հեճուկս, խնդրանքների, չեն պահել պայմանները և հարազատների հետ գրկախառնվել են: Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, հաստատվել է վարակի դեպք: Սրա հետ կապված պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը ամբողջությամբ մեկուսացնել:
Հասկանալի է, որ պարետատունը ճիշտ որոշում է կայացրել, որ քաղաքացուն ուղեկցի հոգեհանգստի, բայց պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն բան հսկողության տակ պահել: Քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է: Հիմա կարող են լինել վարակված հարազատներ, Աստված չանի, մահվան ելքով»,- հայտարարեց վարչապետը:


