կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչ է «Ռեմդեսիվիր»-ը, որն այսուհետ տրամադրվելու է կորոնավիրուսով վարակված հիվանդներին և երբ է Հայաստանը ձեռք բերել

Ինչ է «Ռեմդեսիվիր»-ը, որն այսուհետ տրամադրվելու է կորոնավիրուսով վարակված հիվանդներին և երբ է Հայաստանը ձեռք բերել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին, նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) բուժում ստացող պացիենտներին Ռեմդեսիվիր դեղի տրամադրման կարգը», գրում է Armdaily-ն։

Ինչ է «Ռեմդեսիվիր»-ը

Ռեմդեսիվիրը նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող նոր հակավիրուսային դեղամիջոց է։ Ըստ մասնագետների՝ «Ռեմդեսիվիրը» զսպում է վիրուսի բազմանալու համար անհրաժեշտ ֆերմենտը և այդպիսով կասեցնում հիվանդության հետագա զարգացումը։ Այս ֆերմենտը անհրաժեշտ է ՌՆԹ-վիրուսների ռեպլիկացիայի համար: Դեղամիջոցը արգելակելով այդ ֆերմենտի ակտիվությունը՝ արգելակում է վիրուսների կրկնապատկումը և այդ պատճառով օգտագործվում է ՌՆԹ-պարունակող վիրուսների դեմ, օրինակ՝ Էբոլայի վիրուս, Մարբուրգի վիրուս, Լասսայի տենդի վիրուս, Նիպահի վիրուս, Հենդրայի վիրուս և կորոնավիրուսներ։

Դեղամիջոցը ստեղծվել է ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի և Gilead Sciences ընկերության համատեղ աշխատանքների շնորհիվ։

 

Դեղամիջոցի փորձարկումներին կորոնավիրուսի բուժման համար, Միացյալ Նահանգներում, Ասիայում և Եվրոպայում մասնակցել է կորոնավիրուսով վարակված ավելի քան հազար մարդ, արդյունքում պարզվել է, որ նրանք այդ դեղամիջոցի օգնությամբ ապաքինվել են միջինը մեկուկես անգամ ավելի արագ, քան այն հիվանդները, որոնց տրվել է այլ դեղամիջոց՝ 15 օրվա փոխարեն 11 օրում:

2020 թվականի մարտի 20-ից որոշում է ընդունվել կիրառել ռեմդեսիվիրը COVID-19 վարակ ունեցող և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար: Նախնական տվյալներով դեղամիջոցը բավականին արդյունավետ է։ Այս դեղամիջոցի իրավունքները պատկանում են Gilead Sciences ընկերությանը և գրանցված են նրա անունով:

 

Երբ է Հայաստանը գնել «Ռեմդեսիվիր» դեղամիջոց

Հայաստանը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի առաջին խմբաքանակ գնել է դեռևս հուլիսին: Հուլիսի 7-ին Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ դեղամիջոցի առաջին խմբաքանակը մոտ 10 օրից Հայաստանում կլինի: 

 

Ռեմդեսիվիրը՝ Էբոլա վիրուսի բուժման համար 

Ռեմդեսիվիրը փորձարկվել է 2013-2016 թվականներին՝ Էբոլայի համաճարակի ընթացքում։ Նախնական արդյուքնները խոստումնալից էին և դեղամիջոցը սկսվեց կիրառվել 2018 թվականին սկսված համաճարակի ընթացքում։ Փորձարկումները հաստատել են դեղամիջոցի անվտանգ լինելը, սակայն ԿԴՀ-ի բժիշկները հայտարարեցին, որ դեղամիջոցը պակաս արդյունավետ է հակամարմիններով բուժման հետ համեմատած:

  • Կիսվել: