երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը

Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն  ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։ Մտավոր խնդիրների դեպքում կարող են դիմել նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք։ Նախատեսված է պայման, որ այս անձինք պետք է աշխատեն կամ սովորեն կամ պետք է հավաստեն, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում աշխատելու կամ սովորելու են։ Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ մեկ, երկու տարի հետո, երբ ծառայությունը կայանա, հնարավոր է վերանայել թիրախային խումբը։

«Ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ սահմանվել են որոշակի ժամաքանակներ։ Խորը սահմանափակում ունեցող անձանց ամսական առավելագույն ժամանակաքանակ է սահմանվել 140 ժամ, ծանրի դեպքում՝ 120 ժամ, միջին մտավորի դեպքում՝ 100 ժամ։ Անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար հաշմանդամություն ունեցող անձը պետք է անցնի ֆունկցիոնալության գնահատման համակարգով և իրավունք կունենա օգտվել այն դեպքում, եթե դրա արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ծառայությունների անհատական ծրագրում նշվի, որ նա կարիք ունի անձնական օգնականի»,-ասաց Աննա Հակոբյանը։

Օրինակ, եթե անձն ունի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ու ցանկանում է օգտվել անձնական օգնականի ծառայությունից, ապա նա պետք է նորից դիմի ֆունկցիոնալության գնահատման  և արդյունքում ստանա հնարավորություն օգտվելու անհատական օգնականի ծառայությունից։

Անձնական օգնական ընտրելու համար նախատեսված է 2 ուղղություն։ Մի դեպքում հաշմանդամություն ունեցող անձն ինքը կարող է առաջարկել անձնական օգնականի թեկնածուին։ Այս դեպքում պետք է կազմակերպվի տվյալ թեկնածուի վերապատրաստման գործընթացը։ Մյուս տարբերակն այն է, որ նախարարությունն ինքն է առաջարկում անձնական օգնականի թեկնածուին, որն արդեն վերապատրաստվել է։ Արդեն վերապատրաստման արդյունքում հավաստագիր է ստացել 57 անձ։  

Անձնական օգնականի համար հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել իր տարածքի Միասնական սոցիալական ծառայություն, որը կկազմակերպի պայմանագրի կնքման գործընթաց։ Այն կնքվում է շահառուի ու անձնական օգնականի միջև։

2024 թվականի համար մոտավոր հաշվարկներով 100 անձ կարող է օգտվել այս ծառայությունից։ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ հունվարի կեսերից արդեն հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել։

  • Կիսվել: