ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցեր

ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցեր

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
 
Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև դրանց կարգավորման և ծառայությունների որակի բարելավմանն ուղղված հարցերը։
 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ջրամատակարարման ընդհատումներին, ջրի ճնշման տատանումներին, կոյուղաջրերի արտահոսքերին և ջրի որակի վերահսկման գործընթացներին։ Հանձնաժողովի կողմից կարևորվել է նշված խնդիրների պատճառների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, պատասխանատու ստորաբաժանումների և ժամկետների վերաբերյալ հիմնավորված տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը։
 
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին առաջարկվել է ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի քարտեզագրման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, ջրի կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև վթարային իրավիճակներին արձագանքման և հանրային իրազեկման գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկություններ։
 
Հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևել ոլորտում իրականացվող աշխատանքներին և ծառայությունների մատուցման որակի ապահովմանը։

  • Կիսվել: