երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հնդկաստանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» գրքի շնորհանդեսը

Հնդկաստանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» գրքի շնորհանդեսը

2022 թ. ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հնդկաստանի միջազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» (Armenian Genocide: The sin of the Ottoman Empire) գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Այդ մասին ասված է Հնդկաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 2 people and people standing
 
«Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ելույթով հանդես եկել Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը։ Իր ելույթում դեսպանը նշել է, որ ցավալի է փաստել, որ մինչ օրս հայ ժողովուրդը դեռ սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը, քանի որ ցեղասպանության հանցագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ։
 
May be an image of 5 people, people standing and indoor
 
Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրել է իր պատմական հայրենիքի մեծ մասը և բնակչության մոտ կեսը։ Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համար, և դրա վառ ապացույցն է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի և ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ շարունակել է իր հայասպան գործունեությունը։
 
May be an image of 3 people and people standing
 
Դեսպանը նաև հիշատակել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչվել է «Հիշիր և պահանջիր» կարգախոսով, քանի որ հայ ժողովուրդը պահանջում է Թուրքիայի կառավարությունից ճանաչել ցեղասպանության փաստը և վերացնել դրա հետևանքները։
 
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել գրքի հեղինակներ Սուման Քեշարիին և Մանե Մկրտչյանին, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանին՝ հնդկական իրականության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի լույսընծայման համար։ Ելույթի ավարտից հետո դեսպան Բաբախանյանը Ս. Քեշարին և Մ. Մկրտչյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով։
 
May be an image of 3 people and people standing
 
Գրքի հեղինակ Մ. Մկրտչյանն իր ելույթում շեշտել է, որ դեռևս շատ տարիներ առաջ ծրագրել էր գրել Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատություն հինդի լեզվով և իր այդ գաղափարը առաջարկել էր հայտնի ստեղծագործող բանաստեղծ Ս. Քեշարիին, որը մեծ ուրախությամբ համաձայնել էր։ Մ. Մկրտչյանը նաև համառոտ ներկայացրել է իրենց հինգ տարվա գրքի ստեղծագործական գործունեությունը և վերջում ընթերցել գրքում տեղ գտած հայ գրողներ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծություններից հատվածներ հնդկերեն թարգմանությամբ:
 
May be an image of 3 people, people standing and indoor
 
Իր հերթին գրքի հեղինակ Ս. Քեշարին իր ելույթում նշել է, որ մինչ գրքի ստեղծումը հասցրել էր երկու անգամ այցելել Հայաստան, սիրել այդ երկիրն ու հայ ժողովրդին: Նա հավելել է, որ իր գրքում ներառել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ փաստեր, լուսանկարներ, նկարագրություններ:
 
May be an image of 5 people, people standing and text that says 'आमेंनियाई जनसंहार मामार Genocide India ration f107th Anniversary Republic presents Book Launch Armenian Genocide The Sin of Empire जनसेहार Multipurgose'
 
Այնուհետև ելույթ է ունեցել շնորհանդեսի հիմնական բանախոս գրականագետ, գրաքննադատ Աշոկ Վաջպեյին, որը կարևորել է ցեղասպանությունների դատապարտումը և ոգեկոչման անհրաժեշտությունը։ Նա ամբիոնից կոչ  է արել հնդիկ մտավորականությանը՝ միասնաբար դիմելու Հնդկաստանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով:
 
Ելույթներ են ունեցել նաև շնորհանդեսի հատուկ հյուր, պրոֆեսոր Արչնա Ուպադհյայը, գրքի հրատարակիչ Ռաջկամալ Պրակաշան Սամուհ (Rajkamal Prakashan Samuh), հրատարակչական տնօրեն Աշոկ Մահեշվարին:
 
May be an image of book and text that says 'आर्मेनियाई जनसंहार ऑटोमन साम्राज्य का कलंक आर्मेनियाई जनसंहार ऑटोमन साम्राज्य का कलंक आर्मेनियाई जनसंहार ऑटोमन साम्राज्य का कलंक'
 
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության անձնակազմը, Հնդկաստանում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, Դելիի համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային գործիչներ և այլք»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: