երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Էքզիթ-փոլ. Ռումինիայի նախագահական ընտրություններում արևմտամետ թեկնածուն անսպասելիորեն առաջ է անցել

Էքզիթ-փոլ. Ռումինիայի նախագահական ընտրություններում արևմտամետ թեկնածուն անսպասելիորեն առաջ է անցել

Ռումինիայում նախագահական ընտրությունների էքզիթ-փոլերի արդյունքները վկայում են այն մասին, որ արևմտամետ կենտրոնամետ Նիկուշոր Դանն անսպասելի հաղթանակ է տանում ծայրահեղ աջ եվրասկեպտիկ Ջորջե Սիմիոնի նկատմամբ, հայտնում է Sky News-ը։

Սիմիոնը և նրա մրցակիցը, որը ներկայումս Բուխարեստի քաղաքապետն է, դեմ առ դեմ հանդիպում են ընտրությունների երկրորդ փուլում։

Էքզիթ-փոլերի տվյալներով, Դանը վստահորեն առաջատար է 54,9%-ով՝ 45,1%-ի դիմաց։

Սակայն Թրամփին սատարող Սիմիոնն արդեն հերքել է իր ակնհայտ պարտությունը և հայտարարել, որ, ըստ գնահատականների, ինքը 400 000-ով ավելի ձայն ունի։ Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 19:00-ին։

Արդյունքը զարմանալի է, քանի որ այս ամսվա սկզբին կայացած առաջին փուլում 38-ամյա Սիմիոնը՝ աջակողմյան «Ռումինների միասնության դաշինք» (AUR) կուսակցության հիմնադիրը, հավաքել էր ձայների 40,96%-ը՝ գրեթե 20 կետով ավելի։

Ուրբաթ օրն անցկացված հասարակական կարծիքի հարցումը ցույց էր տվել, որ այս երկու թեկնածուների շանսերը շատ ավելի մոտ էին և գործնականում հավասար։

Դանն առաջադրվել է որպես անկախ թեկնածու և խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ։ Նա նաև վճռականորեն հանդես է գալիս ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին և հայտարարել է, որ Ռումինիայի կողմից Ուկրաինային աջակցությունը կենսական նշանակություն ունի իր երկրի սեփական անվտանգության համար։

Ռումինիայում վերջին ընտրություններն անվավեր էին ճանաչվել այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն դատարանը վճռել էր, որ առաջատար թեկնածուն՝ ազգայնական Քելին Ջորջեսկուն, պետք է որակազրկվի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունների պատճառով։

  • Կիսվել: