Հնարավոր չէ հայ մայրիկին համոզել, որ իր փակած մուրաբայից իր զինվոր որդուն չուղարկի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև զինծառայողներին տրամադրվող սննդին։
Նա նշեց, որ մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և պղպեղ. «Շարունակվում է համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավմանն ու հարմարավետությանն ուղղված աշխատանքները»:
Վարչապետի խոսքով՝ փոփոխությունների արդյունքում, զինծառայողների ծնողները ստիպված չեն լինում հոգալ որոշ ծախսեր. «Երբ մի անգամ գրել էի, որ ծնողների հանձնուքների ծավալը, ծախսերը նվազում են, ասում էին՝ «բա ասում եք, որ ծնողները հանձնուք չեն ուղարկելու»: Ես զարմանում եմ էլի, ի՞նչ պայմաններում է հնարավոր հայ մայրիկին համոզել, որ իր փակած մուրաբայից իր զինվոր որդուն չուղարկի, դա հնարավոր չէ: Խոսքը դրա մասին չէ, խոսքն այն մասին է, որ ծնողը շոր, սապոկ չի առնի զինվորի համար: Ես չեմ ասում, որ այս խնդիրը մինչև վերջ լուծված է, սակայն այն լուծվում է»:
Վարչապետը հայտարարեց, որ ամբողջ պրոցեսը պետք է իրականացվի ամենախիտս վերահսկողության ներքո: