Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման քարերն այստեղից էր գնում, բայց հիմա կանգնած է. ոչ ոք չկա, որ մեր հարցերին պատասխանի, լուծում առաջարկի. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
Կարծում ենք՝ արդարություն կգտնվի ու րոպե շուտ կբացվի գործարանը, թե չէ անելանելի վիճակում ենք հայտնվել բոլորս: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցը:
«Արդեն ամսի 17-ն է, կոմունալ վճարումների ժամանակը եկավ, վարկերը, վարձերը՝ մի կողմից: Մեկը՝ ես, հաշմանդամություն ունեցող մայր ունեմ ու մնացածներն էլ, ամեն մեկն իր հոգսն ու ցավն ունի: Մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստացած լինեինք, մեր հարցերը կարգավորեինք, բայց մինչև հիմա կոտրած տաշտակի առաջ ենք:
Ոչ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մի լուծում առաջարկի այս հարցի շուրջ, իմանանք՝ փակվում է, փակվում է, արդեն ուրիշ տեղ գործ ման գանք, չի փակվում՝ թող մի օր ասեն, իմանանք, որ այդ օրը բացվում է, մենք էլ կարողանանք մեր հարցերը կարգավորենք: Հիմա մեր աշխատավարձը մենք ումի՞ց ուզենք»,-նշել է քաղաքացին:
Աշխատակիցը հավելել է, որ ընկերության ղեկավարությունն էլ է անորոշ իրավիճակի մեջ, չգիտեն՝ իրենց ինչ պատասխանեն:
«Հիսուս Քրիստոսի արձանը պետք է կառուցեն, մարդը բարեգործություն է անում, բայց դա էլ մեզնից կախված է, որովհետև մեր գործարանից էր քարերը գնում: Այն, որ կարող էր մեր երկիրը ծաղկել զբոսաշրջության առումով, հիմա կանգնած է։ Ամբողջը շղթայական գնում է»,-ասել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցը:



