երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել է հերթական մանկապարտեզը (տեսանյութ)

Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել է հերթական մանկապարտեզը (տեսանյութ)

80-ական թվականներին հիմնադրված Երևանի թիվ 22 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 230 փոքրիկների համար:

2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:

Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:

Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ այստեղ իրականացվել են նաև սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչի արդյունքում շուրջ 50%-ով կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը:

Ծրագրի առաջին փուլով նախատեսված մանկապարտեզների ընդհանուր թիվը 50 է: Հիմնանորոգման, վերակառուման և սեյսմիկ վերազինման համար նախատեսված 15 մանկապարտեզից 8-ն արդեն իսկ հանձնված է շահագործման: Եվս 5-ում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով կհիմնանորոգվեն բոլոր մանկապարտեզները:

  • Կիսվել: