Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, ասում եք՝ «ինչո՞ւ ես հեծանիվ քշում», բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք. Փաշինյան
Երբ Դանիայով գնում ես, փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան ավտոմեքենա: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, հիմա էլ ասում եք՝ «ինչո՞ւ ես հեծանիվ քշում», բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք»,- դիմելով ԱԺ ընդդիմությանն՝ նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե հիմա էլ նոր խոսք են սկսել ասել՝ «վարչապետը, փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում»։
«Ընկներնե՛ր, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց նաև, թե անգամ իր հեծանիվ քշելը ավարտելուց հետո էլ ընդդիմությունը խորը քնած է. «Երբ ես գնում եմ աշխատանքի, դուք դեռ պետք է երկու ժամ էլ քնեք:
Կամ ասում են՝ ճանապարհը փակում են, որ վարչապետը հեծանիվ քշի: Ես կիրակի Սեւանից հեծանիվով եկել եմ Երեւան: Իմ կողքով հազարավոր մեքենաներ են անցել: Թող մեկն ասի, որ որեւէ մեկի մեքենան կանգնացրել է: Ես մենակ եմ եղել՝ երկու թիկնապահների հետ: Իսկ երբ խմբով են հեծանիվ քշում, դա անվտանգության կանոնի մեջ է: Վարչապետը չլինի, ով ուզում է լինի, եթե 60 հոգով հեծանիվ են քշում, ոստիկանությունը պետք է ապահովի անվտանգությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդհանրապես ճանապարհ փակելուն, Փաշինյանն ասաց. «Այո, վարչապետը կարող է երկու ժամ նստի խցանման մեջ, ԱԺ գալիս էլ ուշանա, ուր գնա՝ ուշանա, հետո ասեք՝ չի հարգում մարդկանց»: