երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱՄՆ-ն չի պատրաստվում երկարաձգել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը

ԱՄՆ-ն չի պատրաստվում երկարաձգել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մանդատը

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել դադարեցնելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գործունեությունը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

«ԱՄՆ վարչակազմը որոշել է չերկարաձգել UNIFIL-ի մանդատը, և, ըստ տեղեկությունների, Իսրայելը որևէ փորձ չի ձեռնարկել հետ համոզելու համար»,- գրում է The Jerusalem Post-ը։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մանդատի վերաբերյալ քվեարկությունը կազմակերպության Անվտանգության խորհրդում պետք է տեղի ունենա օգոստոսին, և ԱՄՆ-ն կարող է պարզապես վետո կիրառել հաջորդ բանաձևի նկատմամբ, նշում է պարբերականը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել լուրջ բարեփոխումներ աջակցության հարցում վերջնական որոշում կայացնելու համար։

Իսրայելն աջակցում է UNIFIL-ի գործողությունների դադարեցմանը, քանի որ կարծում է, որ Լիբանանի զինված ուժերի ներկայությունը երկրի հարավում համեմատաբար արդյունավետ է եղել «Հըզբոլլահի» սպառնալիքները հետ մղելու գործում։

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցը նշում է, որ հարցի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացվել ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Իսրայելից, ո՛չ էլ ՄԱԿ-ից։

UNIFIL-ի-ի մանդատն ամեն տարի շնորհվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, ուժերը ստեղծվել են 1978 թվականին։

  • Կիսվել: