շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՀՀ վարչապետը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին. Secoloditalia

ՀՀ վարչապետը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին. Secoloditalia

Secoloditalia իտալական պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակներում Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատիի հետ հանդիպմանը։ Հոդվածի հեղինակը նշել է, որ Հայաստանի վարչապետն իրենց վիրավորել է:


Secoloditalia-ն գրել է. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց գրիլլոյականների նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և եվրոպամետ շարժում): Երևում է, սակայն, որ քաղաքավարության կանոնները նրանք դեռ չեն յուրացրել՝ գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, իսկապես, ընդունել էր բարձրաստիճան հյուրին, բայց վերջինս հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը ցուցադրաբար մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Նա շարունակել է դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ իրեն նախազգուշացրել են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում»։

Իտալական պարբերականը նշում է, որ ողջ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նյարդայնորեն հետևում էր ժամացույցին:

Secoloditalia-ն նշում է նաև, որ Փաշինյանի պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված է գրել այս դեպքի մասին, որը ստորագրվել է կեղծանունով. «Հայաստանյան ռեժիմին պատկանող թերթը, փաստորեն, իր վարչապետին բնորոշում է որպես «պարտաճանաչ» մարդ, որը տրամաբանորեն վրդովված էր թեթևակի ուշացումից: Թերթը պատմում է հայելու դրվագը և նույնիսկ չարախնդությամբ գրում. «Նա շարունակեց դա անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն ժամանել էր և սպասում էր իրեն: Արարողակարգի աշխատակիցը հուսահատորեն փորձում էր նախազգուշացնել նրան Կազելատիի ժամանման մասին»: Եվ նա եզրափակում է ակնհայտ կեղծավոր կերպով. «Դա, իհարկե, չի ազդել պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա ...»: Սա ճիշտ չէ՝ ինչպես երևում է տեսանյութից: Հաջորդող նախադասություններում մեծարվում է ՀՀ վարչապետը: Ասվում է նույնիսկ, որ մեր վարչապետի անունը Ջուզեպպե Կոնտի է: Այս ո՞վ է երաշխավորել այս լրագրողին վարչապետի թերթում»:

Իտալական պարբերականը նաև տեսանյութ է հրապարակել:

  • Կիսվել: