երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն

ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն

47-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից:
 
՛՛ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։
 
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։
 
Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է հեռավար ուսուցման:
 
Նոյեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր 55635 բացականերից սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակա են 8064-ը:
8064 ՍՇՎ-ով բացականերից 104-ը բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:
 
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
 
պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,
 
 խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
 
 եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով
 
 երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
 
 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին
 
 մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
 
 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
 
 հագնվե´ք եղանակին համահունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 
 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 
 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: