երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ

Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանը միտված ջանքերը։ Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ տարածաշրջանի ներուժի լիարժեք իրացման համատեքստում։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգերի շրջանակներում ՄԱԿ կառույցների արդյունավետ գործունեության շարունակականությունն ապահովելու կարևորությունը։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1255492

  • Կիսվել: