կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ. Տիգրան Հակոբյան

Տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ. Տիգրան Հակոբյան

2019 թվականին տուգանք է կիրառվել 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ ընդհանուր 6 մլն 200 դրամի չափով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա նշեց, որ 2011-2018 թթ-ին  տուգանվել է 10 հեռուստաընկերություն՝ ընդամենը 5 մլն 800 հազար դրամի չափով։

«Շատերի մոտ հրապարակումներ են հայտնվել, որ մենք սկսել ենք կոշտ պատժել և որոշ չափով մամլիչի կամ դահճի դեր ենք կատարում, բայց հավատացնում եմ՝ այդպես չէ, մենք պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,- ընգդծեց Տիգրան  Հակոբյանը՝ հավելելով, որ եթե առաջ հեռուստաընկերությունը չի տուգանվել, օրինակ՝ սարսափ տեսարաններ ցուցադրելու համար, ապա նախորդ տարի հեռուստաընկերություններից մեկը տուգանվել է այդպիսի տեսարան ցույց տալու համար։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝  հեռուստաընկերություններն ավելի զգոն են դարձել, և բռնության տեսարանները, և՛ հեղինակային իրավունքի խախտումը, և՛ արգելված գովազդն էականորեն եթերում նվազել է։

Ըստ նրա՝ որևէ անգամ հեռուստաընկերությունների նկատմամբ սանկցիա չի կիրառվել, օրինակ՝ կրոնական խտրականություն իրականացնելու կամ քարոզելու համար, ինչը շատ կարևոր է, և հեռուստաընկերություններից մեկը տուգանվեց կրոնը՝ իսլամը, շատ կոշտ, շատ կոպիտ, շատ սխալ լուսաբանելու համար։

Խոսելով կատարված աշխատանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ նախորդ տարի գործարկել են կայքը, միջազգային ասպարեզում սկսել են ներկայացնել իրենց կոշտ դիրքորոշումը, մասնավորապես, ադրբեջանական հեռարձակողների՝ հակահայկական պրոպագանդայի հետ։ «Ես հույս ունեմ, որ այս տարի Եվրոպական պլատֆորմի հեռարձակողների նիստի ժամանակ մենք կներկայացնենք մեր պրեզենտացիան, թե ինչպես են այնտեղ հեռարձակողները խախտում բոլոր գրված ու չգրված օրենքները, և նաև եվրոպական այդ կառույցների կանոնադրությունը»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: