Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը
Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներին։
Ընկերությունից պատասխանել են մեր գրավոր հարցմանը` նշելով, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացն արդեն ավարտվել է։
«Շինհավաքակցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականի 4-րդ եռամսյակում»,– ասված է պատասխանում։
Ըստ ընկերության` տեղափոխման նպատակը ՀՀ հուսալի և անխափան գազամատակարարում ապահովելն է` պայմանավորված մայրուղային գազատարի տեխնիկական անբավարար վիճակով և կապիտալ նորոգման հնարավորության բացակայությամբ։
«Գազատարի ուղեգծի փոփոխությունը բարձրացնելու է գազամատակարարման հուսալիությունը։ Աշխատանքների իրականացմամբ պայմանավորված գազամատակարարման խափանման ռիսկերը բացակայում են»,– ընդգծել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմից։ Գազատարի հատվածի տեղափոխման հարցը քննարկվել և համաձայնեցվել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։
Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։
Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։



