շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի երկու հատորների շնորհանդեսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի երկու հատորների շնորհանդեսը

Փետրվարի 16-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ. 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը:

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա նշեց, որ ուրախ է առաջին անգամ տնօրենի կարգավիճակում «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի շնորհանդեսի մասնակիցներին հյուրընկալելու համար: Նա ընդգծեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը, որը միավորում է Սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, հայագիտության ոլորտում բացառիկ նշանակություն ունի:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը: Անդրանիկ Դաքեսյանը նշեց, որ Հանդեսի երկու համարներում ներկայացված են 50-ից ավել հոդվածները վերաբերում են հայագիտության տարբեր ասպեկտներին՝ պատմություն, բանահյուսություն, կրոն, հասարակագիտություն, լեզվաբանություն և այլն:
Փոլ Հայդոստյանն իր հերթին նշեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը յուրատեսակ կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև և ուրախ է, որ Երևանում ևս տեղի ունեցավ հատորների շնորհանդեսը, ապա հավելեց որ մինչև Արցախի հայաթափումը իրենք երկու անգամ հասցրել են այնտեղ շնորհանդեսներ կազմակերպել: Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանն իր խոսքում կարևորեց Սփյուռքում լույս տեսնող հանդեսների՝ Հայաստանում ներկայացնելու գաղափարը:

«Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությունն է, որը լույս է տեսել 1970-1974 թթ., 1977-1984 թթ., իսկ արդեն 1991 թ.-ից առանց ընդհատումների, Բեյրութում:

  • Կիսվել: