«Հայկական ինքնության պահպանման հետքերով» նախագծի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պոլսահայերի հետ
Հայագիտական հետազոտությունների շրջանակում «Հայկական ինքնության պահպանման հետքերով» նախագծի անդամները հանդիպումներ են ունեցել սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի համահեղինակ միջազգայնագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանը և լրագրող, հասարակայնության հետ կապերի մասնագետ, նախագծի համահեղինակ Արմինե Բրսոյանն այցելել են Ստամբուլ քաղաքում գործող «Ակոս» խմբագրատուն և հայկական Գում Գափու թաղամասում գործող Հրանտ Դինքի անվան հայկական վարժարան։
Հանդիպման ընթացքում «Ակոս» պարբերականի հայկական էջերի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ քննարկվել են ներկայում Թուրքիայում հայկական մամուլի գործունեության հետ կապված հարցեր։
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի սաների և անձնակազմի հետ։
Նախագծի համահեղինակ Կրիստինա Ալեքսանյանի համոզմամբ` Ստամբուլի հայերի ներհամայնքային կյանքը բավական կենսունակ է, ակտիվ զբաղվում են ինքնության պահպանման գործընթացով։
«Տարիների ընթացքում,տարբեր հետազոտությունների մասնիկը լինելով` հասկացել եմ, որ սնկախ նրանից՝ որտեղ ենք գտնվում, անկախ մասնագիտությունից` պետք է լինենք այն հայը, ում միջոցով աշխարհը կճանաչի հային ու Հայաստանը։ Յուրաքանչյուր հայ անուրաց պետք է կրի հայրենիքի գաղափարը, զինվի գիտելիքով եւ հատուկ խնամքով պահպանի մեր պատմությունը»,- սաների հետ հանդիպման ժամանակ նշել է նա։
Վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանի խոսքով` այս պահին վարժարանում սովորում է 54 երեխա։
«Նրանցից ոմանք այստեղ են ծնվել, ոմանք էլ Հայաստանից են եկել։ Մեր նպատակն այստեղ գտնվող երեխաներին Հայաստանի չափորոշիչներով կրթություն տալն է, որպեսզի Հայաստան վերադառնալուց հետո խնդիրներ չունենան։ Դպրոցի հիմնական խնդիրը ֆինանսական է,որը կարողանում են լուծել պոլսահայերի միջոցով»,- նշել է տնօրենը։
Կրիստինա Ալեքսանյանը նկատում է՝ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, քանի որ շոշափելի պատկերացում են փոխանցում սփյուռքի հայ համայնքների վերաբերյալ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1204101?fbclid=IwY2xjawGW51JleHRuA2FlbQIxMAABHfdLaJiLKpO6iRbQELmE2xgkuLp8VpdMEf1mL3VeDM_Hu9e4VhFiXP9AHw_aem_fnaSo7ommSFYKIuT4oEdiw