երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն. Փաշինյան

Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք շատ կարևոր և սկզբունքային նախագծեր են, քանի որ բխում են 2018 թվականին Հայստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից։

Մասնավորապես, ըստ նրա, խնդիր են դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն։

«Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց ամեն դեպքում մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք այնուամենայնիվ լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Կարծում եմ, որ շատ կոնկրետ բան ենք ասում,  որ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ եթե գնան բռնության լեգիտիմացմանը թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնեն։ «Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլիեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ և այսպես շարունակ: Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների, կանանց նկատմամբ բռնություն է գործադրվում, պետությունը միջամտելու իրավունք ունի: Որևէ մեկի նկատմամբ բռնություն պետք է չգործադրվի»։

Նշենք, որ վարչապետը սխալմամբ Նար-Դոսի ստեղծագործությունը վերագրել էր Հովհաննես Թումանյանին, ինչի համար հետո ներողություն խնդրեց։

  • Կիսվել: