երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը կմիանա Մարաքեշի պայմանագրին

Հայաստանը կմիանա Մարաքեշի պայմանագրին

Կառավարության նիստում հավանության արժանացավ «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու նախագիծը։

2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը:

Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը:

Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները և այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն:

Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2%-ն է հասանելի զարգացող, ինչպես նաև զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի և տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար:

Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները այն ձևաչափով, որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:  Այն թույլ է տալիս նաև իրականացնելու արդեն փոփոխված ձևաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջև, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին:

Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սույն Պայմանագրի դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրի համաձայն Պայմանավորվող կողմերն իրավասու են որոշակի հանգամանքներում՝ առանց իրավատիրոջ համաձայնության, հասանելի ձևաչափով օրինակները ներմուծել, ինչպես նաև արտահանել:

Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը:

  • Կիսվել: