շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանում որևէ քրեական գործ չի կարող կարճվել կամ փակվել որևէ այլ պետության միջամտությամբ. Մարուքյան

Հայաստանում որևէ քրեական գործ չի կարող կարճվել կամ փակվել որևէ այլ պետության միջամտությամբ. Մարուքյան

Հայաստանում որևէ քրեական գործ չի կարող կարճվել, փակվել որևէ այլ պետության, այդ թվում դաշնակից պետության միջամտությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 21-ի հայտարարությանը՝ կապված ՀՀ–ում ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործերի հետ:

«Լավրովն իր խոսքի վերջում ասաց, որ վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև և հույս հայտնեց, որ ամեն հարց քննարկվում է։ Նա որոշակի դժգոհություն արտահայտեց ՀՀ–ում հարուցված քրեական գործերից, բայց նաև ասաց, որ համագործակցություն կա, քննարկում ենք, կլուծվեն։ Ես էլ ասում եմ հետեւյալը՝ ՀՀ–ում որևէ քրեական գործ չի կարող կարճվել, փակվել որևէ այլ պետության, այդ թվում՝ դաշնակից պետության միջամտությամբ»,- նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ռուսական գազի գնին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանը հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, հանդիսանալով ՌԴ ռազմավարական գործընկեր, պետք է ունենա գազի համար հնարավորինս էժան գներ։

«Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հայտը, հենց հաջորդ օրն եմ հայտարարել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի։ Ելնելով այն հանգամանքից, որ նախ միջազգային շուկայում նավթագազային մթերքն էժանացել է, և նաև այն հանգամանքից, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Եթե մենք գտնվում ենք գործընկերային մեկ հարթությունում, չենք կարող մեր գործընկերների նկատմամբ, այն էլ ճգնաժամի պայմաններում նման մոտեցումներ դրսևորել։ Այո, ռուսական կողմը պետք է իր հայտը հետ վերցնի և տանի: Եթե չտանի, պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժի այդ հայտը, որովհետև գազի գնի մասին հիմա խոսելը կամ հայտ ներկայացնելն ընդհանրապես ոչ առկա իրողությունների հետ կապ ունի, ոչ միջազգային շուկայի, ոչ էլ մեր դաշնակցային հարաբերությունների»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

 

  • Կիսվել: