Հայաստանում կանխարգելելի մահացության մակարդակի նվազման միտում է նկատվում
2025 թվականին Հայաստանում արդեն իսկ նկատվել է կանխարգելելի մահացության մակարդկի նվազման միտում։ Առողջապահության նախարարությունը ակնկալում է, որ այս դինամիկան կպահպանվի նաև 2026 թվականին, այդ թվում՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման և կանխարգելիչ ծրագրերի ընդլայնման շնորհիվ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հենց այս նպատակներից ելնելով էլ նախարարության այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրերի զարգացումն է։ Նախարարը նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բնակչության իրազեկմանը և պետական սկրինինգային ծրագրերին քաղաքացիների մասնակցության ընդլայնմանը։ Խոսքը մամոգրաֆիայի, շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման հետազոտությունների, ինչպես նաև կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագրի մասին է, որն արդեն գործում է երկրում։
Ավանեսյանն ընդգծել է, որ սկրինինգային ծրագրերին մասնակցելու համար պարտադիր չէ կցված լինել որևէ կոնկրետ պոլիկլինիկայի։ Նրա պարզաբանմամբ՝ սա արվել է գիտակցաբար, որպեսզի առավելագույնս պարզեցվի կանխարգելիչ հետազոտությունների հասանելիությունը։ «Սկրինինգ անցնելու համար մարդուն պետք չէ պահպանել կցման սկզբունքը։ Նա կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա, անցնել անհրաժեշտ թեստը և մասնակցել պետական ծրագրին։ Մենք հատուկ ենք այս համակարգը դարձրել հնարավորինս պարզ և հասանելի մեր քաղաքացիների համար»,- պարզաբանել է նախարարը։
Առողջապահության գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ հենց սկրինինգային ծրագրերի ընդլայնումը թույլ կտա բարձրացնել ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման ցուցանիշները։ Դա, իր հերթին, պետք է հանգեցնի կանխարգելելի մահացության հետագա նվազմանը։



