երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք արտերկրում ունի միգրանտ անդամ

Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք արտերկրում ունի միգրանտ անդամ

«Մեր միգրացիայի վրա բավական նշանակալից ազդեցություն են ունեցել և շարունակում են ունենալ վերջին ազդեդիկ միջազգային իրադարձությունները, խոսքը վերաբերում է  ռուս-ուկրաինական հակամարտության՝ պատերազմական գործողությունների վերաճելուն, թե ինչ կլինի դրա արդյունքում կարելի է միայն ենթադրություններ անել, բայց դեռ դրա մասին չենք խոսի»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Ռուբեն Եգանյանը։ 

«2021թ. հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվել է միգրացիոն գործընթացներում Հայաստանի տնային տնտեսությունների և բնակչության ներառվածության նվազման միտումը, որը ձևավորվել էր 2018թ.՝ պայմանավորված ծանրակշիռ հասարակական իրադարձությամբ՝ իշխանափոխությամբ»,-  նշեց  Ռուբեն Եգանյանը։
 

Նրա խոսքով՝ մարդկանց մտադրությունները՝ ներգրավվելու միգրացիոն գործընթացներում հարաբերականորեն նվազել էին, և 2019թ. դա գնահատվեց այն բանի արդյունք, որ իշխանափոխությամբ պայմանավորված՝ մարդկանց դրական ակնկալիքները զգալիորեն մեծացել էին․ «Մարդիկ ակնկալում էին, որ բարելավվելու է իրավիճակը՝ և՛ սոցիալական, և՛ տնետսական, և՛ քաղքական առումներով, և ավելի քիչ մարդիկ էին ձգտում միգրացիայի»: «Եթե 2017թ. հետազոտության տվյալներով՝ միգրացիոն գործընթացներում ներառված էին Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 35 տոկոսը, այսինքն՝ ամեն 3-րդից ավելին, ապա 2019թ. հետազոտության տվյալներով՝ այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով մինչև 26 տոկոսի, նշանակալից նվազում էր տեղի ունեցել: 2021թ. հետազոտության համաձայն՝ այդ նվազման միտումը շարունակվել է, և տնային տնտեսությունների ներառվածությունը միգրացիոն գործընթացներում հասել է 18 տոկոսի, այսինքն՝ ՀՀ-ում ամեն 5-րդ ընտանիքն է ներառված»,- ասաց Եգանյանը: 

«Ներգրավածությունը այն է, որ տվյալ տնային տնտեսությունը միգրացիոն գործընթացների դիտարկման հետհայաց ժամանակում  ունեցել է միգրանտ անդամ՝ կամ գնացած-եկած միգրանտ անդամ, կամ արտերկրում գտնվող միգրանտ անդամ»,- ընդգծեց Եգանյանը։ 

  • Կիսվել: