Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում
Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) 48-րդ միջազգային մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է ազգային թիմով՝ երեք հմտության ուղղությամբ՝ «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում» և «Նորաձևության տեխնոլոգիա»։
Մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը` փորձագետ-մարզիչ Արբի Ղարախանիի գլխավորությամբ, «Խոհարարություն» հմտության շրջանակում արժանացել է «Գերազանցության մեդալի»։ Սա «Աշխարհի հմտություններ» մրցույթներում Հայաստանի ազգային թիմի մասնակցության (մասնակցել է 6 անգամ) պատմության ընթացքում առաջին մեդալային նվաճումն է։
Արսեն Արմենակյանը նաև արժանացել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակցի՝ «Best of Nation» մրցանակին։
Բարձր արդյունքներ են գրանցել նաև Հայաստանի թիմի մյուս մասնակիցները։ «Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մասնակից, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սովորող Արամայիս Հայրապետյանին «Գերազանցության մեդալից» բաժանել է ընդամենը 14 միավոր, իսկ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի սովորող Լուիզա Զաքարյանին՝ 37 միավոր։
Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը կատարվել է ազգային մրցույթի արդյունքներով:
Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը մրցույթին կարևոր է ոչ միայն մասնակիցների և փորձագետների մրցակցային արդյունքների, այլև միջազգային մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում նոր մոտեցումների ուսումնասիրման տեսանկյունից։
«Աշխարհի հմտություններ» միջազգային կառույցին Հայաստանն անդամակցում է 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), որն էլ համակարգում է անդամակցության և դրանից բխող գործառույթների իրականացումը:
Մրցույթի շրջանակում Հայաստանը ներկայացված է եղել նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։ ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը մասնակցել է որպես պաշտոնական դիտորդ։
WorldSkills Shanghai 2026-ի շրջանակում անցկացվել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող եռօրյա կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հմտությունների զարգացման, կրթական գործընթացներում արհեստական բանականության ազդեցության, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման և ՄԿՈՒ ոլորտին առնչվող այլ հարցերի։



