երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում ԵՄ-ն աուդիտ կիրականացնի

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում ԵՄ-ն աուդիտ կիրականացնի

Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը փետրվարի 3-7-ը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում աուդիտ կանցկացնի՝ պարզելու՝ ինչ խնդիրներ կան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց քաղավիացիայի կոմիտի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
 
«Նրանք շատ լուրջ կազմով են գալու, ինչը մեզ համար ձեռնտու է, դա նշանակում է, որ մեն Եվրոպայի համար կարևոր ենք, որ նման լուրջ կազմով գալիս են Հայաստան: Մենք պատրաստ ենք ու շատ ուզում ենք, որ այդ աուդիտը շատ լավ անցնի», -հավելեց Ռևազյանը:
 
Կոմիտեի նախագահի խոսքով, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները չեն սպասում, որ մինչև իրենց գալը լուծվեն առկա խնդիրները, սպասում են, որ հայկական կողմը ինքը հասկանա՝ ինչ խնդիրներ կան ու ինչպես է պետք լուծել դրանք: Իսկ հայկական կողմը թռիչքային անվտանգության ոլորտում առկա խնդիրները վերցանելու համար հոլանդացի մասնագետ է հրավիրել Հայաստան:
 
«Նա հոլանդացի է, միացել է մեր թիմին այսօրվանից: Նա շատ երկրներում 40 տարուց ավելի աշխատել է թռիչքային անվտանգության ոլորտում ու շատ լավ է հասկանում խնդիրները: Բայց ասեմ նաև, որ երկիր չկա, որը թռիչքային անվտանգության հետ կապված խնդիրներ չունենա», -նշեց Տաթևիկ Ռևազյանը:
 
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա վերջին Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որի համաձայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ: «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խիստ վերահսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման համար հսկողության թուլացման նշանների հետ», - նշված էր Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: