Հայաստանի ֆրանսիական համալսարանում մեկնարկում է «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը
Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Թուլուզ III Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությամբ իրականացնելու է «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիր: Նրա խոսքով՝ սեպտեմբերին արդեն կընդունեն առաջին ուսանողներին:
«Ֆրանսիական համալսարանում մենք միշտ ստեղծում ենք ծրագրեր, որոնց կարիքն ունի Հայաստանը»,-ասաց Վենարը:
Նրա խոսքով՝ արհեստական բանականության մագիստորսական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում:
«Դա թեմա է, որը յուրաքանչյուրը կցանկանար զարգացնել իր երկրում, բայց իրականում որակ ունեցող մասնագետների քիչ հասանելիություն կա: Բոլոր երկրները շատ մեծ հետաքրքրվածություն ունեն լավ մասնագետներ ունենալու առումով, և Հայաստանը բացառություն չէ: Շահագրգռվածությունը գալիս է նաև ձեռնարկությունների կողմից, որոնք ասում են, որ աշխատուժի պակաս են զգում: Շահագրգռվածությունը գալիս է նաև ուսանողների կողմից»,- ասաց ռեկտորը: