չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվեց արհեստական բանականությանը նվիրված երկօրյա հաքաթոն

Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվեց արհեստական բանականությանը նվիրված երկօրյա հաքաթոն

Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվեց «Արհեստական բանականությունը հանուն բարօրության. խելացի օգնականների ստեղծում առօրյա մարտահրավերների հաղթահարման համար» խորագիրը կրող երկօրյա աշխատարան և հաքաթոն՝ նվիրված նորարարությանը, կրթությանը և հասարակական ազդեցությանը։ Երկօրյա միջոցառման նպատակն է խրախուսել ուսանողներին և խթանել նրանց շրջանում հետաքրքրությունն արհեստական բանականության ոլորտի  նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ անցկացված միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարանի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի հետ համագործակցությամբ։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, ներկայացնելով հաքաթոնի մանրամասներն ու դրա նպատակներն, իր խոսքում ընդգծեց, որ միջոցառումը երկօրյա է։ 

«Առաջին օրը սեմինար է, իսկ երկրորդ օրը՝ հաքաթոն։ Դա ավելի լայն ծրագրի մի մասն է, քանի որ այս տարի մենք նշում ենք համալսարանի 25-ամյակը, և գաղափարն այն է, որ մենք մտնում ենք նոր դարաշրջան․ արհեստական ​​բանականությունն ու կիբեռանվտանգությունը դրա մի մասն է կազմում։ Սրանք երկու առաջնահերթություններ են, որոնք մենք ունենալու ենք առաջիկա տարիներին։ Մեր բոլոր ուսանողները և բոլոր ֆակուլտետներն այս տարվա սեպտեմբերից մեկնարկող հաջորդ համալսարանական տարվա ընթացքում մասնակցելու են արհեստական ​​բանականության, ու դրա գործիքների վերաբերյալ վերապատրաստումներին։ Եվ բացի այդ, մենք ունենք արհեստական ​​բանականության մագիստրոսական ծրագիր»,-նշել է Ֆրանսիական համալսարանի ռեկտորը։ 

Նրա խոսքով՝ այս տեսակի միջոցառումը նախատեսված է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողներին խրախուսելու համար, որպեսզի նրանք շարունակեն ուսումը  արհեստական ​​բանականության մագիստրատուրայում։ 

«Չեմ պնդում, որ նրանք պետք է գան մեզ մոտ, բայց, ընդհանուր առմամբ, հայ ուսանողները կանգ են առնում բակալավրի աստիճանի վրա և չեն շարունակում կրթությունը մագիստրատուրայում։

, և այդ առումով արհեստական ​​բանականությունը լինելու է լուրջ մարտահրավեր։ Իսկ ՏՏ ոլորտի ուսանողները պետք է առնվազն կանոնավոր կերպով վերապատրաստվեն իմ նշած երկու՝ կիբեռանվտանգության և արհեստական ​​բանականության ոլորտներում»,-շեշտել է Սալվա Նակուզին։ 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողների մասին իսկապես պետք է հոգ տանել, քանի որ նրանք են լինելու նորարար մտահղացումների կենտրոնում, մինչդեռ մյուս ուսանողները լինելու են օգտատերեր։ Ահա թե ինչու ենք մենք կազմակերպում այս տեսակի միջոցառումներ»,-եզրափակել է Սալվա Նակուզին։ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ Արհեստական բանականության վերաբերյալ հաքաթոնը կազմակերպվում է առաջին անգամ։ 

«Միջոցառման նպատակն է ցույց տալ այն ներուժը, որը հավաքվել է մեր հարկի տակ, մեր գործընկերների հետ համագործակցաբար ներկայացնել` ինչ են անում նրանք, ինչով են մեզ աջակցում առկա խնդիրներում, և ինչպիսի ունակություններ ունեն մեր ուսանողները, իրենց առօրյա կյանքում ուր են հասել և ինչ կարող են անել 24 ժամյա հաքաթոնի շրջանակներում։ Խորհրդանշական է ոչ միայն այն, որ համալսարանն այս տարի նշում է իր հիմնադրման 25-ամյակն, այլև այն, որ մեր ֆակուլտետն այս տարի ճանապարհում է մագիստրոսական ծրագրի իր առաջին շրջանավարտներին, որոնք մասնագիտանում են արհեստական բանականության բնագավառում, ինչը նույնպես պարտավորեցնող է մեզ համար։ Սա կարելի է ասել՝ առաջին հանրային քննությունն է մեր ավարտական կուրսի ուսանողների համար, ինչպես նաև մեր այն ուսանողների համար, որոնք պատրաստվում են իրենց ապագան կապել այս գործիքների ձևավորման ու կիրառման հետ»,-իր խոսքում ասել է Քրիստինա Սարգսյանը։ 

Վերջինիս բնորոշմամբ՝ ցածր կուրսերի ուսանողները ավելի շատ սովորում են ավագ կուրսերից՝ ինչ են նրանք ունակ անելու, իսկ ավագ կուրսերը փորձում են առավելագույնս դրսևորել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել թե՛ ուսումնառության, թե՛ պրակտիկայի ընթացքում։ 

«Կարող եմ նշել, որ շատ կարևոր է տեսնել՝ ինչպես են իրենց ոգևորում նաև մեր տեղացի դասախոսները, որոնք ոչ միայն գիտնականներ են, այլև իրենց սեփական փորձով արդեն իսկ աշխատում են արտադրության մեջ, սեփական ստարտափների հիմնադիրներ են։  Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս՝ ինչպիսի ծանր ճանապարհ է պետք անցնել և երբեք չհանձնվել բարդությունների առաջ, այլ ընդհակառակը՝ գտնել ուղիներ, որպեսզի այդ բարդությունները հաղթահարվեն՝ այդ ամենը վերածելով նոր լուծումների ու հնարավորությունների»,-շեշտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը։

Ֆրանսիայի Թուլուզի մաթեմատիկայի ինստիտուտը ներկայացնող Ֆաբրիս Գամբոան, կիսվելով անցկացվող միջոցառման մասին իր տպավորություններով, նշել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու ու նմանատիպ նախաձեռնության մասնակիցը լինելու համար։ 

«Ես շատ տպավորված եմ այս միջոցառմանը մասնակցող ուսանողների մոտիվացիայով։ Սա շատ կարևոր միջոցառում է Հայաստանում արհեստական ​​բանականության զարգացման համար։  Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, բավականին տպավորվում եմ թվային էվոլյուցիայի նկատմամբ ոլորտի մոտիվացիայի առկայությամբ»,-ասել է Ֆաբրիս Գամբոան՝ հույս հայտնելով, որ այդ մոտիվացիան հետագայում ևս կպահպանվի՝ ստեղծելով արհեստական ​​բանականության մասին նոր գաղափարներ ու նոր նախագծեր։

Երկօրյա միջոցառման առաջին օրվա ընթացքում միջոցառումը կենտրոնացած է եղել նրա վրա, թե ինչպես է արհեստական ​​բանականությունն աշխատում՝ մեքենայական ուսուցման հիմունքներից մինչև բնական լեզվի մշակում, և թե ինչպես այն կարող է կիրառվել իրական աշխարհի խնդիրները լուծելու համար: 

Մասնակիցներն ուսումնասիրել են ինտերակտիվ ցուցադրություններ, արհեստական ​​բանականության իրական օգտագործման դեպքեր հաքաթոնին նախապատրաստվելու նպատակով: 

Միջոցառման երկրորդ՝ հաքաթոնի օրը, մասնակիցները նախագծել և ստեղծել են իրենց սեփական արհեստական ​​բանականությամբ աշխատող օգնականի նախատիպը՝ հիմնվելով շրջակա միջավայրի, կրթություն, բարեկեցություն, հասանելիության ոլորտների վրա։ Նրանք իրենց գաղափարները կյանքի կոչելու համար օգտագործել են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Python-ը, Hugging Face-ը և Google Colab-ը։

 Հաքաթոնին մասնակցող 9 թիմերից հաղթող է ճանաչվել Oops, we did it with AI (Ուփս, մենք արել ենք դա արհեստական բանականությամբ) թիմը։

Իրենց առաջադրված խնդիրը լուծելու համար թիմի անդամները մարդու կողմից ստեղծված տվյալներ են հավաքել՝ տեքստեր անձնական արխիվներից, այնուհետև տեքստեր գեներացրել նաև արհեստական բանականության միջոցով։ Արդյունքում  ստեղծել են մեքենայական ուսուցման մոդել՝ հասնելով ճշգրտության որոշակի մակարդակի։ 

Հաքաթոնի ավարտին մրցանակներ են շնորհվել նաև 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերին։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221184?fbclid=IwY2xjawKqdHVleHRuA2FlbQIxMABicmlkETFsNnhWRzE4enRsOVhyYzRjAR4UttPHaWXybigncQ8jqN_-1C2vyHJzRZ827CIRLn8jOvedAq1c3XqMRZkjVQ_aem_w-vADVJrBcBrYR10goRAmQ

  • Կիսվել: