ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի

Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի

Մանրակրկիտ եւ ինտենսիվ որոնման գործընթացից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել համալսարանի հաջորդ նախագահի պաշտոնում դոկտոր Բրյուս Պողոսյանի նշանակման մասին։ Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը բազմապիսի եւ գերազանց որակավորում ունեցող թեկնածուներից ընտրել է դր․ Պողոսյանին, որն իր պաշտոնավարումը կսկսի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին տեղեկացնում են Ամերիկյանի համալսարանից։

2010-2014 թթ․ դր․ Պողոսյանը եղել է ՀԱՀ նախագահ, ում ղեկավարման տարիներին համալսարանը մեծապես ընդլայնվել է, մեկնարկել են բակալավրիատի ծրագրերը։ Նախագահի պաշտոնում իր մատուցած ծառայությունների համար դր. Պողոսյանը ՀՀ վարչապետի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության շքանշանով, իսկ պաշտոնից հեռանալուց հետո մշտապես կապ է պահպանել ՀԱՀ համայնքի հետ՝ մասնակցելով ավարտական հանդիսություններին եւ համագործակցելով դասախոսական անձնակազմի հետ տարատեսակ ծրագրերի եւ նախաձեռնությունների շրջանակներում։

Տարբեր պարգեւատրումների եւ մրցանակների արժանացած դր․ Պողոսյանը 2000 թ.-ից հանդիսանում է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, որտեղ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ եւ Տվյալների Վերլուծություն մագիստրոսական ծրագրի տնօրեն։ 2000 թ.-ից նա անդամակցել է Ամերիկյան ֆիզիկական հասարակություն ընկերակցությանը, իսկ 2010 թ․-ին ճանաչվել է Թաֆթս համալսարանի վաստակավոր գիտնական։ Ի հավելումն՝ 2018 թ․-ին դր. Պողոսյանը դարձել է Ջոնաթան Մ. Տիշի քաղաքացիական կյանքի ֆակուլտետի անդամ, իսկ 2019 թ․-ին անդամակցել է Թաֆթսի տվյալների ինտենսիվ ուսումնասիրությունների կենտրոնին։

Դր․ Պողոսյանն իր գիտական աստիճանները ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից եւ Կալիֆոռնիայի Դեւիսի համալսարանից, որոնց թվում՝ ֆիզիկայի բակալավրի, միջուկային ճարտարագիտության մագիստրոսի եւ կիրառական գիտության դոկտորի աստիճանները։ Նրա հետազոտության ոլորտներից են, ի թիվս այլ որոտների, կիրառական դինամիկ համակարգերի, կիրառական հավանականությունների տեսության, կինետիկ տեսության, տնտեսության մաթեմատիկական մոդելների եւ բարդ համակարգերի գիտության ոլորտները:

ՀԱՀ Հոգաբարձունների Խորհրդի նախագահ դր․ Լոուրենս Փիթսն ուրախ է ողջունել դր․ Բրյուս Պողոսյանի վերադարձը ՀԱՀ։ «Համալսարանն ընդլայնում է իր հնարավորությունները եւ ուսանողական կազմը՝ օգնելու Հայաստանին բավարարել աճի եւ զարգացման համար անհրաժեշտ իր կարիքները», - նշում է նա։ Անցած տարվա դեկտեմբերից ՀԱՀ ղեկավարումը ստանձնել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դր․ Արմեն Տեր Կյուրեղյանը, որը սիրով ընդունեց այս ժամանակավոր դերը դր․ Կարին Մարկիդեսի հրաժարականից հետո։ 2014-2019 թթ․ ՀԱՀ-ի նախագահության իր փորձը թույլ տվեց նրան հմտորեն ղեկավարել համալսարանի անցումն այդքան կրիտիկական եւ որոշիչ փուլով, ինչի շնորհիվ Հոգաբարձուների խորհուրդն ունեցավ անհրաժեշտ ժամանակն ու ազատությունը նոր նախագահի որոնման համար։

«ՀԱՀ Հոգաբարձուների Խորհուրդը եւ իհարկե ողջ ՀԱՀ համայնքը երախտապարտ է դր․ Տեր Կյուրեղյանին մեր խնդրանքին արագ արձագանքելու եւ համալսարանի նախագահի պաշտոնը նորից ստանձնելու համար»,- նշում է դր․ Փիթսը։ «Նրա փորձի ու նվիրումի շնորհիվ ՀԱՀ-ն շարունակել է աճել եւ ակտիվ գործունեություն ծավալել մինչ մենք կնշանակեինք դր․ Պողոսյանին։ Շնորհակալություն, Արմեն, Հայաստանի ամերիկյան համալսարանին նվիրումով ծառայելու համար»։

 

  • Կիսվել: