Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Բելգիայի Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը և ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի ղեկավարը Հայաստանում է գտնվում՝ մշակութային կապերն ընդլայնելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ ՀՀ մշակութային կյանքի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության համատեքստում կարևորելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը: «ՀՀ կառավարությունն այսօր արվեստի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ երաժշտության ոլորտում, տարաբնույթ ծրագրեր է իրականացնում զարգացման, հանրահռչակման, միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ ներկայացնելով պետական նվագախմբերի՝ Կառավարության աջակցությամբ իրականացվող գործունեության շրջանակը, մշակութային ապակենտրոնացմանն միջոցառումները, երիտասարդ տաղանդների բացահայտմանն ուղղված ծրագրերը:
1939 թվականին Էլիզաբեթ թագուհու հովանու ներքո հիմնադրված երաժշտական կապելլան միջազգային ճանաչում ունի դասական երաժշտության ասպարեզում։ Այն լավ հնարավորություն է երիտասարդ արտիստների ինքնադրսևորման համար։
Գրեգոր Շապելի տեղեկացմամբ՝ երաժշտական կապելլան ամեն տարի տարբեր երկրներից հյուրընկալում է բազմաթիվ արտիստների, որոնց հետ աշխատում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետները։ Կապելլայի առաքելության հիմքում ընկած է երաժշտական վարպետության փոխանցումը սերունդներին։ Նախկինում Հայաստանից առանձին անհատներ դիմել և կրթություն են ստացել այս հեղինակավոր կրթօջախում։ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ այժմ փորձ է արվում գործընթացը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել և պետական կառույցների ու գործընկերների համագործակցությամբ ավելի շատ երիտասարդների ուղղորդել դեպի այս հաստատություն։ «Սա ոչ թե նոր բարեկամության սկիզբ է, այլ շարունակություն, քանի որ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի ու հայերի միջև համագործակցությունը ծագել է դեռևս նախորդ դարի 40-ական թվականներից, երբ հիմնադրվել է հաստատությունը։ Հայտնի է, որ դեռ այդ ժամանակից Էլիզաբեթ թագուհու ու կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի միջև բարեկամական հարաբերություններ էին ձևավորվել, ուստի մենք այստեղ ենք ոչ թե նոր կապեր հաստատելու, այլ շարունակելու հարաբերությունները»,-ասել է Գրեգոր Շապելը՝ ընդգծելով, որ հայ արվեստագետների տաղանդը տեսանելի է ամբողջ աշխարհում:
Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում կրթություն ստանալու նպատակով Հայաստանի երաժիշտները կարող են դիմել «Դաշնամուր», «Թավջութակ», «Ջութակ», «Ալտ», «Կամերային երաժշտություն», «Վոկալ», «Երգեհոն» (հատուկ ծրագրերի և վարպետության դասերի շրջանակում) մասնագիտություններով։ Դիմումներն ընդունվում են կապելայի կայքի միջոցով․ դիմորդ արտիստները ներկայացնում են իրենց կատարողականի ձայնագրությունները, այնուհետև հրավիրվում են Բելգիա՝ լսումների։ Ընդունվողները սովորում են 3 տարի։
Հայաստան-Բելգիա մշակութային կապերն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու գործում կողմերը կարևորել են Բելգիայում հայկական սփյուռքի դերը։ Մասնավորապես՝ նոր համագործակցության կամուրջի ձևավորման գործում ընդգծվել է ՀԲԸ միության ներդրումը:



