երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հավասար պայմաններ ստեղծեք. տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ

Հավասար պայմաններ ստեղծեք. տնտեսվարողները բողոքում են «Wildberries»–ի դեմ

Տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մետ` բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ։ Նրանք «Wildberries»–ին մեղադրում են իրենց առևտրին խոչընդոտելու համար։
 
««Wildberries»–ը փլուզելու է մեր փոքր բիզնեսը, դրա հետևից պայթելու է բանկային համակարգը, որովհետև բանկերը միլիարդավոր դոլարներ ներդրել են բիզնեսի մեջ, ո՞վ է իրենց փողերը տալու։ Ոչ ոք չի պատրաստվում իր ունեցվածքը տալ բանկին։ Ամեն քաղաքացի 5 տարին մեկ իրավունք ունի սնանկ ճանաչվելու»,–ասաց տնտեսվարող Արման Թումասյանը։
Նրանք դիմում են պետությանը իրենց համար «Wildberries»–ին հավասար պայմաններ ստեղծելու կամ ընկերությանը երկրից հանելու համար։ ««Wildberries»-ի գումարները բոլորը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները մեր պետությունն ու բանակն է պահում։ Իրենք խփում են մեր գործին, մենք օրերով ոչինչ չենք անում։ Այդպես չի լինի, անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել, սա ոչ թե մեր գրպանին, այլ պետության գրպանին է խփում»,–ասաց մեկ այլ տնտեսվարող։
Նշենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Wildberries»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
«Wildberries»-ից արձագանքեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, որը վերացվել է։

  • Կիսվել: