ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Հատուկ տակտիկական ուսումնավարժության «Գարաժ Մաստեր Մոլ» ՍՊԸ- ում

Հատուկ տակտիկական ուսումնավարժության «Գարաժ Մաստեր Մոլ» ՍՊԸ- ում

ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Աջափնյակ վարչական շրջանում՝ «Գարաժ Մաստեր Մոլ» ՍՊԸ-ում, անցկացրեցին հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը «Գարաժ Մաստեր Մոլ» ՍՊԸ-ում» թեմայով:
 
Ուսումնավարժության նպատակներն էին.
 
 օժանդակել հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
 
 ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը, իրենց առջև դրված մասնագիտական խնդիրների լուծման ուղղությամբ,
 
 կատարելագործել հրշեջ-փրկարարների աշխատանքը` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում ստեղծված ծխապատ գոտում հայտնված տուժածներին պատգարակի և պարանների միջոցով դուրս բերման աշխատանքների իրականացման ժամանակ։
 
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը անցկացվեց 1 փուլով:
 
Այն սկսվեց համաձայն հաստատված պլանի` «Հրդեհ» ազդանշանով, որից հետո աշխատակիցները և այցելուներն անմիջապես տարհանվեցին «Գարաժ Մաստեր Մոլ» ՍՊԸ-ից անվտանգ վայր և հաստատության տնօրենը Փրկարար ծառայությանը տեղեկացրեց պայմանական հրդեհի մասին:
Մարտական հաշվարկները, հասնելով կանչի վայր, իրականացրեցին հետախուզություն պարզելու, թե ինչ է այրվում, արդյունավետ հրդեհաշիջում կազմակերպելու համար անհրաժեշտ ուժերի ներգրավման ճանապարհներն և ուղղությունները, աշխատակիցների և այցելուների համար վտանգի առկայությունը, փլուզման, թունավոր և դյուրավառ նյութերի առկայությունը և այլն։
Հետախուզությանը զուգահեռ կատարվեց նաև մարտական բացազատում:
Տնօրենը հայտնեց, որ աշխատակազմը և այցելուները տարհանվել են, բացառությամբ 1 աշխատակցի և 1 այցելուի, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն կարողացել դուրս գալ ծխապատ գոտուց: Հրդեհաշիջման ղեկավարը, գնահատելով ստեղծված իրավիճակը, անմիջապես տվեց համապատասխան հրաման և հրշեջ-փրկարարներն անցան իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:
Հակածխային օղակները հրդեհի վայրում իրականացրեցին հետախուզման, փրկարարական և միաժամանակ հրդեհաշիջման աշխատանքներ: Վերջիններս ծխապատ գոտում հայտնաբերելով տուժածներին պատգարակի և պարանների միջոցով դուրս բերեցին անվտանգ տարածք, որտեղ բժշկական օղակի կողմից տուժածներին ցուցաբերվեց առաջին օգնություն:
Ուսումնավարժության ավարտից հետո անցկացվեց կատարված աշխատանքների ամփոփում, որից հետո ամփոփում իրականացվեց նաև «Գարաժ Մաստեր Մոլ» ՍՊԸ-ի ղեկավար կազմի և կազմավորումների հրամանատարների հետ, մատնանշվեցին թերությունները, առաջարկվեցին լուծումներ և տեղի ունեցավ ակտիվ քննարկում։
Բոլորն իրենց առջև դրված առաջադրանքները կատարել էին բարձր պատասխանատվությամբ և ամենայն մանրախնդրությամբ։
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքը գնահատվեց «լավ»:
 

  • Կիսվել: