հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալի և մեծ հնարավորության. վարչապետ

Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալի և մեծ հնարավորության. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից

Նիկոլ փաշինյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից:

Նա, մասնավորապես, ասել է. «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարգում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը  երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը:

Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ: Այստեղ կա  ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ,  կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:

Ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան:

Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը: Ընդ որում, ուզում եմ ևս մի այսպիսի բան ասել. երբ ես խոսում եմ հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ ուզում եմ խոստովանել, որ ինքս անցել եմ այդ փոփոխության ճանապարհով: Ես հիշում եմ մեր առաջին հանդիպումն այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի s հետ: Այն ժամանակ ես Ազգային ժողովի պատգամավոր էի և տարբեր հանգամանքների բերումով հարցը հասունացավ այնպես, որ ես պետք է զբաղվեմ հաշմանդամություն ունեցող անձանց մի շարք օրակարգերով, և երբ տիկին Բաթոյանն այդ հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչներից էր և, օրինակ՝ դիմումներ կային, որոնցով բազմաթիվ մարդիկ ֆինանսական աջակցություն, հաշմանդամության նպաստի բարձրացում էին ակնկալում, և ես ուղղակի հանդիպումը նախաձեռնել էի այդ թեմաները քննարկելու համար:

Այդ խոսակցության ընթացքում տիկին Բաթոյանը շատ կարևոր բան ասաց՝ ենթադրենք այսօր մեր պետությունը, հաշվի առնելով օբյեկտիվ հնարավորությունը, ևս 3.000 դրամով բարձրացրեց այդ նպաստը, ի՞նչ է փոխելու դա կոնկրետ մարդու կյանքում, լավ 5.000 դրամով, ենթադրենք 10.000 դրամով բարձրացվեց, ի՞նչ է փոխելու դա մարդու կյանքում, ճակատագրի մեջ ի՞նչ է փոխվելու: Այո՛, մենք եկանք այն եզրակացության, որ մեծ հաշվով ռազմավարական առումով ոչինչ էլ չի փոխելու, հետևաբար, մեր խնդիրն է այնպես անել, ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մարդն ինքը կարողանա իր հնարավորությունների, տաղանդի շրջանակում ունենալ հնարավորություններ՝ սկսած կրթությունից, ավարտված բիզնես գործունեությունից, էլ չեմ ասում տեղից տեղ շարժվելու հնարավորությունից:

Ես ինչո՞ւ սա շեշտեցի, մտածելով, որ իմ խոսքի առաջին հատվածը կարող է որպես դասախոսություն ընկալվել, ես ցանկացա ասել, որ ընդամենը ինչպես ՀՀ առնվազն շատ քաղաքացիներ, ես էլ այդ ընկալման փոփոխությունների ճանապարհն անցել եմ և հասկանալի է, որ ոչ միայն ես, այլև մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որևէ միտում որևէ հարցում չի ունեցել: Մենք միասին սովորում ենք, սա թերևս պետք է լինի մեր ամենակարևոր հատկությունը՝ սովորել և գիտենալ ավելին, քան գիտենք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման և ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը և ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։ Ըստ նախարարի՝ իրականացվող աշխատանքներն ու քայլերը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող պետական քաղաքականությունը բժշկական մոդելի վրա հիմնված լինելու փոխարեն դարձնել սոցիալ-իրավունքահենք, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:  

Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը: Դրա ընդունման պարագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կպարտավորվեն ապահովել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմաններ: Նախագծով կարգելվի հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի այնպիսի հաստատությունների ստեղծումը, որտեղ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, կներդրվի անձնական օգնականի ինստիտուտը»։ 

  • Կիսվել: