հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում

Հարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի են ծեծել․ մեկը ԲԿ-ում է, մյուսները՝ պատժախցում

Օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ SHAMSHYAN.com զանգահարած կալանավորներից մեկի հարազատը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 66 խցում, որտեղ, նրա խոսքով, պահվում է 8 կալանավոր։ Ըստ նրա՝ ՔԿՀ-ի աշխատակիցները խուզարկություն՝ այսպես կոչված «շմոն» կատարելու նպատակով մտել են խուց, ինչից հետո իրավիճակը լարվել է և ՔԿՀ-ի աշխատակիցների և կալանավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կալանավորների նկատմամբ ուժ է կիրառվել։

Նրա փոխանցմամբ՝ դեպքից որոշ ժամանակ անց միջամտել է ՔԿՀ-ի պետը, որի հրահանգով խցի դուռը բացվել է, և կալանավորներին դուրս են բերել խցից ու նրանցից երկուսին ամբողջ աշխատակիցներով դաժան ծեծի են ենթարկել, որոնցից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուսները, ստանալով մարմնական վնասվածքներ, գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատուկ պատժախցում։

Հարազատը նաև պնդում է, որ միջադեպից հետո կալանավորներին պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չի տրվել, և իրենք դիմել են իրավապահ մարմիններին՝ դեպքի հանգամանքները պարզելու և ՔԿՀ-ի աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով։

Հարազատի փոխանցմամբ՝ ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը Աշոտ անունով է, մյուսը՝ Վահե։

Նա խնդրեց իրավապահ մարմինների ուշադրությունը և համապատասխան արձագանքը ստեղծված խնդրին։

  • Կիսվել: