Հանրության կողմից մերժվածները լուսանցքից երբեք դուրս չեն գալու. Փաշինյան
Հայաստանում այսօր սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր են ներշնչում, օգտվում մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ են շրջանառության մեջ դնում։ Եթե որևէ մեկին թվում է՝ դրանով մեզ պետք է վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նրանք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, քանի որ հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք և այնտեղից երբեք դուրս չեն գալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ պաշտոնյաները հանրության հետ մշտապես պետք է երկխոսության մեջ լինեն, քանի որ նաև իրենց մեղքով հանրությունն ամենայն մանրամասնությամբ գուցե չընկալի, թե ինչ են անում և ինչի համար են անում. «Մենք պետք է ապահովենք, որ մեր գործունեության վերաբերյալ թյուրըմբռնում, թերտեղեկացվածություն չլինի: Մարդիկ պետք է տեսնեն մեր մոտիվացիան, թե մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, ինչու է դա անհրաժեշտ»։
Փաշինյանը նաև նշեց՝ հասարակության մեջ շարունակում է մնալ մի պատկերացում, որ պետք է իշխանությունից կամ իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն և փողեր, բրինձ, ձեթ բաժանեն։
«Ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրական տեղամասեր և քվեարկել տան։ Այս պատմությունն ավարտված է Հայաստանում։ Հիմա երբ ասում են՝ բա, մարդն ինչ անի, ասում ենք, թե ինչ անի՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք, աշխատելու համար պայմանները ստեղծում ենք»,- ընդգծեց նա։