Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է
Երեւանում սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց է հոսպիտալացվել 8 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, որից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները:
Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։


