հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հանդիպում միջազգային գործընկերների հետ՝ անտառային ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ

Հանդիպում միջազգային գործընկերների հետ՝ անտառային ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ

Հայաստանում անտառային ոլորտի կայուն կառավարման, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նախանշված գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր հանդիպում միջազգային դոնոր գործընկերների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Շուրջ մեկ տասնյակ միջազգային գործընկերների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի ղեկավարած պատվիրակությունը։

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել և կարևորել միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների մեղմման, մասնավորապես, անտառային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման քաղաքականության և ռազմավարության հարցում։

Նախարարի տեղակալը գործընկերներին խնդրել է հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել անտառային ոլորտում յուրաքանչյուրի կողմից իրականացվող ծրագրերը, դրանց ընթացիկ վիճակը, ինչպես նաև առաջիկա պլանները, որպեսզի դրանք իրենց վերջնարդյունքներով չխաչվեն և յուրաքանչյուրն ուղղված լինի առանձին ու կարևոր բնապահպանական խնդրի լուծման։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են կողմերին հուզող հարցեր, ներկայացվել են մանրամասներ ծրագրերի ընթացիկ վիճակի մասին։ Այս ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

  • Կիսվել: