հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար:

«Սա շատ կարևոր նախագիծ է, որով մենք աջակցություն ենք ցույց տալիս ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերություններին»,- ընդգծել է համահեղինակ, պատգամավոր Տրդատ Սարգսյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել, նախաձեռնությունը չի փոփոխվել:

Կարևորելով նախաձեռնության ընդունումը՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այն ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրները լուծելու հնարավորություն կտա:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը եւս ողջունել են նախաձեռնությունը: Նախարարն առաջարկել է կատարել որոշ խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունելի են համարվել հեղինակների կողմից:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: