երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Համավարակի դեմ միակ լուծումը պատվաստումն է. Նարեկ Զեյնալյան

Համավարակի դեմ միակ լուծումը պատվաստումն է. Նարեկ Զեյնալյան

«Աստրազենեկա» պատվաստանյութի շուրջ հրապարակումները ոչ պաշտոնական են, ԵՄ Դեղերի գործակալությունը հստակ ֆիքսել է, որ մահերի անմիջական պատճառի և պատվաստումների միջև կապն ապացուցված չէ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:   

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ բանակցություններ են վարվում պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու համար, գումարն արդեն փոխանցվել է «Ֆայզեր», «Աստրազենեկա» և «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութերի համար:  Զեյնալյանը հիշեցրեց, որ պատվաստանյութի 20 հազար չափաքանակ արդեն տրվել է Հայաստանին՝ որպես նվիրատվություն, պատվաստվել են հիմնականում բուժաշխատողները և ռիսկի խմբի քաղաքացիները:

«Այս պահին մեծ պահանջարկ կա, հերթագրումներ կան պատվաստումների համար, հատկապես նրանք, որոնք ռիսկային խմբում են: Առաջին փուլում պետք է պատվաստվեն քրոնիկ հիվանդները, բժիշկները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- նշեց նա:  

Պատգամավորն ասաց, որ պատվաստումները միայն կամավորության սկզբունքով են լինելու՝ անվճար, իսկ վճարովի պատվաստման մասին դեռևս խոսք չկա:

«Պատվաստումն է միակ լուծումը համավարակի դեմ պայքարի: Այդ գիտակցությունը պետք է ունենանք»,- ասաց Զեյնալյանը:  

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նոր շտամին, Նարեկ Զեյնալյանը հայտնեց, որ վարակի մահաբերության ցուցանիշն ավելի ցածր է, ավելի մեծ է ախտահարության ագրեսիվությունը:  

  • Կիսվել: