Հրաչյա Հակոբյանը դերասան Կարապետյանի հրապարակած տեսանյութի առթիվ հանդիպել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում՝ նշելով, որ առիթը դերասան Արտյոմ Կարապետյանի՝ երեկ հրապարակած տեսանյութն էր:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Կարապետյան Արտյոմիի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության եւ ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին:
Ինչպես նաեւ, հանդիպել եմ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանին, ում հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»: