շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Հակոբ Ճաղարյանն առաջարկում է հրապարակել Քաղավիացիայում հայտնաբերված 42 թերությունները

Հակոբ Ճաղարյանն առաջարկում է հրապարակել Քաղավիացիայում հայտնաբերված 42 թերությունները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի ունեցել հայեցակարգ, ինչի պատճառով էլ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրաժարվել է աշխատել նրանց հետ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Հակոբ Ճաղարյանը։

Նշենք, որ Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց, թե Հակոբ Ճաղարյանն ասում էր՝ «կամ իմ ձեւաչափով ենք աշխատում, կամ ոչ մի»։

«Ռեւազյանը պետք է նշեր, թե ինչ ձեւաչափի մասին է խոսքը։ Իրականությանը չի համապատասխանում այն, թե ես ասել եմ՝ կամ իմ ձեւաչափով, կամ՝ ոչ մի։ Ես պահանջել եմ իրենց հայեցակարգը, որպեսզի կարողանանք համատեղել։ Օրենքում հստակ նշված է, թե ով եւ ինչով պետք է զբաղվի։ Ավիացիայի զարգացման հայեցակարգը ոլորտի քաղաքականության դաշտում է։ Այդ հարցով պետք է զբաղվի Կառավարությունը, ի դեմս՝ համապատասխան նախարարության։ Քաղավիացիայի կոմիտեի կանոնադրությամբ՝ նրանք պետք է զբաղվեն միայն տեխնիկական կարգավորումներով։ Իմ հայեցակարգի ներկայացման ժամանակ իրենք չեն ունեցել իրենց հայեցակարգը։ Ըստ օրենքի՝ իրենք չպետք է դիրքորոշում հայտնեին իմ հայեցակարգի վերաբերյալ։ Նրանք կատարել են մի բան, որն իրենց գործառույթների մեջ չի մտնում։

Նույնիսկ վարչապետը մինչեւ հունիսի 17-ը հանձնարարել էր մեկ ամսվա ընթացքում ներկայացնել համատեղ ստեղծված հայեցակարգը, նրանք ոչինչ չեն առաջարկել։ Միակ առաջարկությունը եղել է այն, թե՝ արի քոնը դիր մի կողմ, նստենք նորը գրենք իրար հետ, ես ասացի՝ լավ, համաձայն եմ. իսկ ի՞նչը գրենք, ձերը ներկայացրեք կամ գոնե իմ հայեցակարգը վերցրեք, վրան ուղղումներ արեք կամ առաջարկություններ արեք՝ մի նոր հայեցակարգ գրենք։ Անհասկանալի դիրքորոշումներ եղան, որից էլ ես հրաժարվեցի»,- պատմեց  վարչապետի նախկին խորհրդականը։

Անդրադառնալով Ռեւազյանի այսօրվա արած այն հայտարարությանը, որ ավիացիայում ամենավատ դեպքը վթարն է, եւ, որ իրենք ուրախ են, որ բանը դրան չի հասել, Ճաղարյանը այսպես արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ ինչպես պատասխանել այդ հարցին։ Ավիացիոն անվտանգության բոլոր նորմերը մշակվում են միջազգային կենտրոններում, որոնց մասնակիցն ենք նաեւ մենք։ Այդ նորմերը կատարել է պետք, իսկ վթարի լինել չլինելը… Դրանք բացարձակ տարբեր ոլորտներից են, չի կարելի ավիացիոն իշխանությունների գործառույթները օդաչուի վարպետության կամ ինժեներների օդանավ պատրաստելը համեմատել նույն հարթության մեջ։  Եթե մեզ մոտ վթար չի եղել, ապա ամեն ինչ լավ է. շատ պրիմիտիվ պատասխան է»։

Ճաղարյանը առաջարկեց հրապարակել Եվրոպական հանձնաժողովի կողմից ՔԱԿ-ին արված նկատողությունների ցուցակը։

«Ես առաջարկում եմ, որ այդ թերությունների ցուցակը Քաղավիացիայի կոմիտեն հրապարակի, այդ փաստաթուղթը գաղտնիություն չի պարունակում։ Թող այդ 42 նկատողությունները ներկայացնեն»։

Ռեւազյանի այն խոսքին, թե իրենք 42 նկատողություններից 18–ը ջնջել են, Ճաղարյանն ասաց. «Նրանք չեն կարող ջնջել, որովհետեւ իրենք չեն գրել։ Այդ նկատողությունների փաստաթուղթը գրել է Եվրոպական հանձնաժողովը։ Նա գուցե նկատի է ունեցել՝ վիճարկում ենք այդ նկատողությունները»։

Ճաղարյանը համաձայնեց Տաթեւիկ Ռեւազյանի այն հայտարարության հետ, որ ՔԱԿ-ում թերացումներ եղել են դեռեւս 2011 թվականից.

«2011 թվականին ավիացիոն իշխանություններն արգելել են ԱՄԷ թռիչքները։ Խնդիրն այն է, որ հայկական գրանցումով 30-ից ավելի օդանավեր գտնվում էին ԱՄԷ-ի տարածքում՝ առանց դրա իրավունքն ունենալու։ Այս օդանավերը չեն կարող անցնել Արեւմտյան ստուգումների, դրանք նույնիսկ շահագործման փաստաթուղթը անգլերեն թարգմանությամբ չունեին։ Ցանկացած ոլորտի աշխատանք պետք է սկսվի Կառավարության ունեցած քաղաքականությունից։ Այդ քաղաքականությունը կատարելու համար պետք է ունենալ համապատասխան օրենսդրական դաշտ։ Դրա առկայության դեպքում պետք է լինեն իրավասու մարմիններ, որոնք այդ օրենքները կարող են կատարել։ Իրավասու մարմիններն էլ կարող են ունենալ իրենց ենթամարմինները։ Ավիացիոն իշխանությունը պետք է մշակի համապատասխան փաստաթուղթ, թե ինչպես է պետք է կատարի այդ գործողությունները։ Նույնն է, թե բանակը որոշի՝ ում դեմ հարձակվել, բանակը չի որոշում, երկիրն է որոշում դա»։

 

  • Կիսվել: