ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գումարտակի կազմում եղել է շուրջ 400 նորակոչիկ, տուն վերադարձել՝ մոտ 150-ը. Նրանք առաջնագիծ գնալուց առաջ պատրաստություն չեն անցել, ժամանակ չի եղել. Վաշտի հրամանատար (տեսանյութ)

Գումարտակի կազմում եղել է շուրջ 400 նորակոչիկ, տուն վերադարձել՝ մոտ 150-ը. Նրանք առաջնագիծ գնալուց առաջ պատրաստություն չեն անցել, ժամանակ չի եղել. Վաշտի հրամանատար (տեսանյութ)

44օրյա պատերազմում միայն մեկ գումարտակի կազմում մասնակցել է շուրջ 400 նորակոչիկ, որից տուն է վերադարձել միայն 150-ը։ Ընդ որում, նորակոչիկներին առաջնագիծ են ուղարկել՝ առանց պատրաստություն անցնելու։ Այս մասին դատարանում հայտնել է վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը։ Վերջինս որպես վկա այսօր հարցաքննվել է՝ պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստում, գրում է pastinfo.am-ը։

Վկան իր ցուցմունքում պատմել է, որ Իշխան Վահանյանի հետ ծառայել է միասին՝ Ջրականի զորամասում՝ նույն գումարտակում, ինքը եղել է վաշտի հրամանատար։ Վերջին անգամ Վահանյան Իշխանին տեսել է Խուռհատ սարի վրա, հարձակման ժամանակ տեսել է Վահանյանին՝ «վայ, վայ» ասելից, ինչից ենթադրել է, որ վերջինս վիրավորում է ստացել։

 

Նշված վկայի հարցաքննության ընթացքում դատական նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց, տուժողների իրավահաջորդները տեղից հայտարարեցին՝ ինչու է վախենում ճշմարտությունը ասել, դեռևս Արցախում Վարդանյանը հայտարարել էր, որ իրեն հրաման էր տվել Վահանյանը, Առուստամյանը, իսկ այժմ անուններ չի տալիս։ Միջադեպի հետևանքով նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, ապա՝ կրկին շարունակվեց։

Վկան նշեց, որ ինքն իր զորքը հանել է սարի գլխից, իսկ, պատասխանելով մեղադրող դատախազ Գևորգ Ավետիսյանի հարցին, թե նահանջ կազմակերպելու վերաբերյալ վերադաս հրամանատարությանը զեկուցվել էր, թե ոչ՝ վկան նշեց, թե կապի միջոց չեն ունեցել՝ զեկուցելու համար։

«Հակառակորդը հարձակվել է, մտել ենք մարտական գործողությունների մեջ, Վահանյանը երևի արդեն գնացել էր, մի 20 րոպե հետո կարողացել ենք անձնակազմը հանել»,- նշեց վկան՝ հավելելով, որ ամբաստանյալից որևէ հրահանգ չի հիշում։

Պատասխանելով դատախազի հարցին՝ վկան տեղեկացրեց, որ այդ ընթացքում հրաձգային զենքեր են կիրառվել հակառակորդի կողմից, ինչին արձագանքելով դատախազ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր էր հրաձգային զինատեսակի հետևանքով ստանալ բեկորային վնասվածք՝ վկան պատասխանեց՝ ոչ։ Վկան, թեև նշեց, որ ամբաստանյալին վերջին անգամ տեսել է հեռանալիս, սակայն պարզվեց, որ վերջինս փախուստի է դիմել և հեռացել է՝ առանց որևէ մեկի ուղեկցության՝ լինելով վիրավոր, իսկ դատավորի հարցին՝ արյան հետքեր տեսել է, թե ոչ՝ վկան նշեց, որ այդ պահին խառն են եղել։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ Իշխան Վահանյանն ինչու էր այնտեղ, չէ՞ որ նա գումարտակի հրամանատարն էր, ինչպե՞ս ստացվեց, որ զորքը եղել է վերևում, վկան և Վահանյանը՝ միասին են եղել, վկան պատասխանեց, որ ինքն իր զորքի հետ է եղել, զորքը մի փոքր առաջ է եղել, կապն ապահովվել օ ռացիայով, սակայն միմյանց հետ կարող էին խոսել, ինչին արձագանքելով նախագահողը նշեց՝ կրակոցների ժամանակ ինչպե՞ս էին կարողանում հաղորդակցվել, վկան էլ պատասխանեց՝ այդ պահին կրակոցներ չեն եղել։

 

Իսկ թե ինչ գործ ուներ Վահանյանն այդտեղ, որտեղ պետք է լիներ՝ վկան հոդաբաշխ պատասխան չտվեց՝ նշելով, որ չգիտի, թե որտեղ պետք է լիներ, հրամանատարական կետ չկար, բայց հրամանատարական կետը սովորաբար ավելի հետ է լինում։

Պատասխանելով հարցադրումներին՝ վկան նշեց , որ իր վաշտում բոլորը նորակոչիկներ են եղել՝ բացի սերժանտներից, ընդ որում՝ նրանք անհրաժեշտ պատրաստություն անցնել չեն հասցրել. «Շատ քիչ ժամանակ է եղել, զինծառայող է եղել, որ ընդամենը 20 օրվա ծառայող էր։ Ըստ վկայի՝ այդ մասին բոլորն էլ տեղյակ են եղել։

Տուժողի իրավահաջորդը հետաքրքրվեց՝ քանի նորակոչիկ է եղել, նրանցից քանիսն են տուն եկել, ինչին ի պատասխան վկան նշեց, որ ավելի քան 370, շուրջ՝ 400, տուն է վերադարձել ավելի քան 100-ը, թվեր չի կարող ասել։ Այսինքն՝ 400-ից տուն է վերադարձել մոտ 150-ը, հրամանները։ Նման մոտավոր թվեր հրապարակեց վկան։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

  • Կիսվել: