ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրն ընդլայնվում է

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի արդյունքները, ըստ ԱՆ-ի, դրական են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը՝ ամփոփելով ծրագրի մեկ տարվա արդյունքները:

Նա նշեց, որ արդեն անվճար սպասարկել են 403 հիվանդի: Աղաջանյանն ասաց. «Հիվանդները պետք է համապատասխանեն ծրագրի չափանիշին, այն է ՝ քաղաքացու մոտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթված ախտորոշումը, ընդ որում, դա 0-24 ժամվա ընթացքում, ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Եթե քաղաքացին ընդգրկվում է ծրագրում, ապա անվճար փոխհատուցվում է, տրամադրվում է անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը»:

ՀՀ-ում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանն էլ նշեց, որ իրենք հիվանդին ծրագրով բուժծառայություններ են մատուցում՝ առանց նայելու բյուջեն շրջանցել են, թե ոչ:

«Սպասարկում ենք բոլոր նրանց, ովքեր համապատասխանում են ծրագրի չափանիշին, անվճար տրամադրվում են բոլոր ծառայությունները: Մենք ունենք ուղեցույց և դրանով էլ առաջնորդվում ենք»,-նշեց նա:

Բանախոսները նշեցին, որ նախարարությունը ծրագրի համար 2019 թվականին նախատեսել էր 300 մլն դրամ, սակայն ծախսվել է 675 մլն դրամ: Դա նշանակում է, որ պահանջարկի դեպքում Նախարարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսավորումը: 2020 թվականի համար նախատեսվել է 650 մլն դրամ, սա ևս նախնական է և անհրաժեշտության դեպքում կավելացվի:

Նրանց խոսքով՝ առաջիկայում նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծրագիրը՝ ավելացնելով այն հիվանդանոցների թիվը, որոնք կարող են սպասարկել գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը: Դրա համար նախատեսված է մասնագետների վերապատրաստման լայն ծրագիր:

  • Կիսվել: