Գիտական խորհրդի նիստին կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպումը դասախոսական կազմի ու ուսանողների հետ ավարտվել է: Հանդիպման ընթացքում քննարկվել է նախագիծը, որով բուհերում հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադիր ուսուցումը հանվելու է:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ հանդիպումը փակ չի եղել, ուղղակի լրագրողները չեն հրավիրվել, քանի որ տեղ չի եղել:
Հարցին՝ արդյո՞ք ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ է հանդիպել դասախոսների և ուսանողների հետ, ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ վարչապետի հետ ինքը վերջին անգամ խոսել է ԵՊՀ-ի 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստին. «Դրանից հետո ես նրան ոչ միայն չեմ տեսել, այլ նաև չեմ խոսել, հեռախոսով կապ հաստատելու հնարավորություն էլ չունեմ: Որևէ մեկն ինձ չի հրահանգել գալ հանդիպման»:
Նա նաև խոսեց ուսման վարձերի բարձրացումից` նշելով. «Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել դասախոսների աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ։ Աշխատավարձերը հավերժական թեմա են, ոչ միայն ԵՊՀ-ում, այլ ընդհանրապես։ Այն աշխատավարձը, որ ստանում է մեր պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանն ու արած աշխատանքին։ Աշխատավարձը կարող է առաջանալ ուսման վարձերից, այլ աղբյուր չկա։ Եթե խոսենք այլ ծախսերի կրճատման մասին, դա էական գումար չի բերի, չնայած ձգտելու ենք այլ ծախսերի կրաճատմանը»:
Նա հայտնեց, որ գիտխորհրդի նիստերից մեկում դնելու է ուսման վարձերի բարձրացման հարցը․ «Ես գիտական խորհրդի նիստին կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը։ Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան 15 տոկոսով»։