Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը. վերջինս հայտնվել է Սևանի ափամերձ հատվածում. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67 կմ հատվածում բախվել են Mercedes և УАЗ մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 30 ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները:
Օպերատիվ է գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Էդգար Սոջւսլիյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր պտտվելով, հայտնվել Սևանա լճի ափամերձ ձորակում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: