Գեղանիստում տղամարդը սպանել է 31-ամյա համագյուղացուն
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ` ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձը որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, ով Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանն էր:
Պարզվել է, որ Ս. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել է համագյուղացի, 34-ամյա Արսեն Համբարձումյանը՝ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցի 35 հասցեի դիմաց՝ որսորդական ողորկափող հրազենով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մանրամասները սկզբնաղբյուրում: