երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Գանձախույզները փորել են միջնադարյան գերեզմանոցներից մեկը․ ահազանգ

Գանձախույզները փորել են միջնադարյան գերեզմանոցներից մեկը․ ահազանգ

Վայոց Ձորի Մարտիրոս գյուղի «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ:  Այս մասին  ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Լրատվության, հրատարակչության և դիզայնի բաժնի պետ Մարինե Ավանեսյանը։  

«Գանձագողության դեպքով մարզային ծառայությունն ահազանգել է իրավապահներին

ԶԼՄ հարգելի գործընկերներ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն է տարածել Վայոց ձորի մարզի հուշարձաններից մեկի տարածքում կատարված վանդալիզմի մասին: Լրատվամիջոցը նշել է, թե հուշարձանների պահպանությունը իրականացնող մարմինը տեղյակ չէ կատարվածից:
Հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները արձանագրել են փաստը, որ Մարտիրոս գյուղի /9-17 դարերով թվագրվող/ «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ: Մյուս երկու գերեզմաները մասամբ են քանդել:
Հուշարձանի տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգ: Վայոց ձորի մարզային ծառայությունը փաստի առիթով անմիջապես ահազանգել է իրավապահներին:
Հուշարձանի տարածքում այս պահին ոստիկանության աշխատակիցների և մարզային ծառայության հուշարձանների պահապանների մասնակցությամբ տեղազննություն է իրականացվում:

Հ. Գ. Հուշարձանը գտնվում է Մարտիրոս գյուղից մոտ 5 կմ հեռու՝ բարձրադիր վայրում: Վայոց ձորի մարզը ունի շուրջ 2000 հուշարձան: 2020 թ. ընթացքում սա մարզում արձանագրված առաջին դեպքն է»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: