երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ալիևը հայտարարել է, որ Բաքվում քննարկվել է ոչ միայն ԵԽԽՎ-ում գործունեության կասեցման, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը

Ալիևը հայտարարել է, որ Բաքվում քննարկվել է ոչ միայն ԵԽԽՎ-ում գործունեության կասեցման, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը՝ ԵԽԽՎ-ի ներկայացրած պահանջների պատճառով։ Այս մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Շուշիում ընթացող «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերածնունդ» խորագրով Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Report» լրատվական գործակալությունը, Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրավիճակն էականորեն փոխվել է։

«Ցավում եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց։ 2001 թվականին, լինելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ես գլխավորում էի մեր պատվիրակությունը։ Այնտեղ աշխատել եմ երկու տարի։ Ամեն տարի չորս նստաշրջան էր անցկացվում։ 2023 թվականին մենք, օգտվելով մեր օրինական իրավունքից, անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներն ազատեցինք օկուպացիայից։ Սակայն Ադրբեջանին պատժելու նպատակով համապատասխան բանաձևեր ընդունվեցին», — հայտարարել է Ալիևը։

Նախագահը հիշեցրել է նաև, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասկածի տակ են դրվել, ինչից հետո երկիրը զրկվել է ձայնի իրավունքից։

«Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող հարց չէր։ Եթե խնդիրը դա լիներ, նրանք շատ ավելի վաղ կանեին դա։ Սա ընդամենը պատիժ էր՝ կապված մեր և մեր տարածքային ամբողջականության հետ։ Ադրբեջանի պատվիրակությունը շատ խելամիտ որոշում կայացրեց. նրանք հրաժարվեցին մասնակցել նիստերին։ Եթե մենք ձայնի իրավունք չունենք, ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության քվեարկությանը, ուստի չի ճանաչում նրանց կայացրած որոշումները։

«Այդ պատճառով մենք չենք ճանաչում նրանց որոշումները։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին, արդեն երկու տարի է՝ խտրականության ենք ենթարկվում։ Ես բացահայտ հայտարարում եմ, որ Ադրբեջանը լիովին դիտարկում է այդ կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը։ Խոսքը ոչ թե անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու, այլ միանշանակ այս կառույցից ամբողջությամբ դուրս գալու մասին է։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապվել է ինձ հետ և խնդրել չդիմել այդ քայլին ու փորձել ստեղծված իրավիճակից ելք գտնել»։

Նախագահի խոսքով՝ Բաքուն անընդունելի է համարում այն որոշումները, որոնք կայացվում են երկրի վերաբերյալ՝ առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության։

«Այդ խորհրդարանում Ադրբեջանի հասցեին շատ կասկածելի ու վերջնագրային որոշումներ են հնչում։ Դա բացարձակապես անընդունելի է։ Դրանք մեր որոշումները չեն, քանի որ նրանք մեզ զրկել են ձայնի իրավունքից։ Դա տեղի է ունեցել առանց որևէ օրինական հիմքի։ Նրանք պետք է վերականգնեն մեր պատվիրակության ձայնի իրավունքը։ Դրանից հետո միայն Ադրբեջանի պատվիրակությունը կվերադառնա։ Մենք ոչ մի սխալ քայլ չենք արել։ Նրանք անարդար որոշում են կայացրել, ուստի իրենք էլ պետք է հետ կանգնեն ու ընդունեն իրենց սխալները։ Ես շատ դեպքերում եմ հայտնել իմ մտահոգությունը»։

Երկրի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հնարավոր դուրս գալը Եվրոպայի խորհրդից էական ազդեցություն չի ունենա կազմակերպության գործունեության վրա։

«Այսինքն՝ այստեղ առանձնապես բան չի փոխվի։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի լավ լինի։ Մենք չենք ցանկանում գնալ առճակատման։ Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենք, նրանց հավակնություններն անհիմն են։ Դա մեր ընտրությունը չէ։ Մենք կազմակերպությանը կամավոր միացել ենք 2001 թվականին։ Այն ժամանակ շատ բան այլ էր։ Մենք կառույցին անդամակցեցինք մեծ ակնկալիքներով և այն հույսով, որ նրանք կաջակցեն մեր գլխավոր խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում»։

  • Կիսվել: