շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է 6 ամսով․ փոխնախարար

«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է 6 ամսով․ փոխնախարար

«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
 
«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է. մեր օրենսդրության ու կարգերի համաձայն` եթե ընկերությունը չունի օդանավ, ապա նրա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է` մինչև համապատասխան օդանավ ներգրավելը։ Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիան կդադարեցվի»,– տեղեկացրեց փոխնախարարը։
Նրա խոսքով` տվյալ հարցը ուսումնասիրվում է և համապատասխան, ավելի հստակ տեղեկատվություն լինելու դեպքում, կհրապարակեն։
 
«Գոյություն ունի կոմերցիոն գաղտնիքի դրույթ, որը փոխկապակցված է այլ կազմակերպությունների հետ, և այդ մասով պետք է հասկանալ` որ տեղեկությունն է հնարավոր հրապարակել, որը` ոչ։ Հրապարակման ենթակա տեղեկությունը կհրապարակվի»,– վստահեցրեց Սիմոնյանը։
 
Նա նշեց, որ ընկերության խնդիրը ֆինանսական է եղել։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկական ազգային ավիաուղիներ» («Ֆլայ Արնա») ընկերության միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, փետրվարի 26-ին թռել է Շարժա։ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում էր, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից։
 
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49%-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: