Ես որոշումը կայացրել եմ. Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի նոր տնօրենի նշանակման մասին
«Սերոբյանը մարդ է, ով ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ, ով տարբեր պրոցեսների ընթացքում ակտիվ կանգնած է եղել մեզ հետ, մեր թիկունքում: Այս մասին այսօր տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ խոսելով «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նորանշանակ տնօրեն Ժորժիկ Սերոբյանի մասին, որն աշխատել է իր նախընտրական շտաբում:
Դիտարկմանը, թե արդյոք այս դեպքում շահերի բախում չկա, մարզպետը հակադարձեց, որ շահերի բախում կլիներ, որ տվյալ անձի մասնագիտական որակները չբավարարեին:
Մարզպետն ասաց. «Ինձ համար որպես մարզպետ, հասկանալի չէ, ինչ սկզբունքով պետք է ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիներ շարունակ հիվանդանոցում, իր իսկ երեկվա խոսքերով, իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործողություններ, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում, նույն հովանավորչության լույսի տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով իրականացվել են մրցույթներ, ինչը նշված է առողջապահության նախարարության եզրակացության մեջ:
Այս պայմաններում եթե ես նշանակեի 15 տարվա տնօրենին, լրատվականներն ասելու էին` որեւէ բան չի փոխվել, արդյոք էս ամեն ինչը կար: Ես որոշումը կայացրել եմ, որոշումն իմն է, քննարկվել է ոլորտային դերակատարների հետ, եւ նշել, որ հիմնական պրոբլեմը կապված է կառավարման հետ»:
Հիշեցնենք, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը:
Նշենք նաեւ, որ հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։ Այնուհետեւ Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։
Ի դեպ՝ նախօրեին Աջողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին եւ կթողներ Աշոտ Կուրղինյանին: