Երկու հոգի իրենց առողջ են զգում, մեկը թոքաբորբ ունի, զբաղվում ենք կոնտակտավորների մեկուսացմամբ. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի երեք նոր դեպքերին և ասաց, որ նրանցից երկուսը մեր քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի:
Նախարարը նշեց, որ նրանք վերջերս են ժամանել ՀՀ և ժամանման պահից իրենց հսկողության տակ են եղել, պարզապես գանգատները հետո են առաջացել, ուստի գանգատների առաջանալուն զուգընթաց՝ Ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել նրանց, և կորոնավիրուսը հաստատվել է:
«Նրանցից երկուսն իրենց առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն, միայն մեկի մոտ կա աջակողմյան թոքաբորբ, ամեն ինչ անում ենք, որ չտարածվի, նրանց հետ ուղիղ կոնտակտ ունեցած մարդկանց մեկուսացմամբ ենք հիմա զբաղվում, նրանք շատ չեն, նրանք համարվում են բերովի դեպքեր»,-ասաց Թորոսյանը:
Նա նաև նշեց, որ մենք լոկալ տարածում չունենք, իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի, հսկողության տակ:
Թորոսյանի խոսքով՝ առաջին պացիենտը, որի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, իրեն լավ է զգում, գանգատ չունի, մեկուսաված 31 քացաքացիները ևս գանգատ չունեն, և երկու օրից թեստավորվելուց և բացասական պատասխան ստանալուց հետո կգնան տուն:
Նախարարն անդրադարձավ նաև ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի տարածումը պանդեմիա հայտարարելուն, և ասաց, որ պանդեմիան հայտարարվել է այն պատճառով, որ բազմաթիվ երկրներ են ընգրկվել. «Սակայն նաև հայտարարությանը զուգահեռ ասվեց, որ հայտարարված պանդեմիան դեռ կարող է կանխվել էֆեկտիվ միջոցառումների շնորհիվ»:
Թորոսյանի խոսքով՝ դրանք չորսն են, ՀՀ-ում էլ դեռ հունվարի վերջերից արվել են այդ միջոցառումները, հիմա էլ շարունակվում են: Դրանք են՝ հայտնաբերումը գանգատ ունեցող մարդկանց, շփում ունեցող մարդկանց թետավորումը, բուժումը, որով զբաղվում են, և կոնտակտավորների իզոլյացիան: Իզոլյացիան լինում է երկու տեսակի՝ տնային և հատուկ պայմաններում: Վերջինին ենթակա են միայն նրանք, որոնք հաստատված դեպքով պացիենտի հետ անմիջական շփում են ունեցել:
«Կարևոր է պայքարի շրջանակներում արհեստական, կեղծ տեղեկություններից խուսափելը: ԱՀԿ-ն ասում էր, որ պանդեմիայի հետ մեկտեղ նաև ինֆոդեմիայի փուլում ենք, ինչը խանգարում է հիվանդության կանխարգելմանը, դրա դեմ պայքարին: Մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասանատվության մակարդակն է կարևոր, եթե կոչ ենք անում, որ գանգատներ ունեցողը դիմի բժշկի, ու քաղաքացու պատասխանատվությունը չլինի, շատ դժվար կլինի հիվանդության հայտնաբերումը»,-ասաց գերատեսչության ղեկավարը:
Արսեն Թորոսյանը կրկին հիշեցրեց հիգիենայի պահպանման կանոնների մասին՝ նշելով, որ անհարկի խուճապի կարիք չկա: Նախարարը ևս մեկ անգամ հորդորեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:


